«Վեննաներս կփրթեմ». աղմկահարույց գործով դատապարտյալը սպառնում է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող թմրանյութի արտանետման գործով 13 տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը այսօր`հոկտեմբերի 16-ին կրկին անգամ հետաձգվեց:
Դատաքննությանը չէր ներկայացել մեղադրող դատախազը: Նշենք, որ այսօր պետական մեղադրողը պետք է հանդես գար ճառով:
Ամբաստանյալ Հովհաննես Չոլախյանի շահերի պաշտպամ Սեյրան Ազիզյանը գտնում է, որ արդարացման որոշում կայացնելու հրահանգն է պատճառը:
Նշենք, որ երկարատև պայքարից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը և նոր դատավարություն նշանակել:
Հովհաննես Չոլախյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց .« Վեննաներս կփրթեմ, ուրիշ ելք չեմ տեսնում, ուրիշի տեղը էսքան նստել եմ: Մերս վատ ա, եթե իրան մի բան եղավ ես հաստատ գիտեմ ինչ կանեմ»:
Նշենք, որ 4 տարի առաջ Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 13 տարի 3 ամիս ազատազրկման: Չոլախյանը պնդում է, որ ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար: Նրա հավաստմամբ ոմն Անդրոն թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գևորգյանին: Մեզ հետ զրույցում դատապարտվածի հորեղբայրը՝ Նորիկ Չոլախյանը նշել էր որ Հովհաննեսը նախկինում դատապարտված է եղել ու հենց այս հանգամանքն է օգնել գործը նրա գլխին «շուռ» տալուն:
Ըստ քրգործի՝ Արթուրն իր ցուցմունքում տեղի ունեցածը նկարագրելիս նշել է, որ իրեն է զանգահարել իր ընկեր Անդրոն և իմանալով, որ թմրամիջոցի կարիք է զգում , խոստացել է բերել: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2013թվականի հունվարի 4-ին Անդրոն «հերոյին» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել: Արթուրը հեռախոսով ընկերոջը բացատրել է կալանավայրի տեղը, նրան ցույց է տվել բաղնիքի տեղը, որտեղից թմրամիջոցը նետվել է ՔԿՀ տարածք: Նետելու պահին Արթուրի և Անդրոյի միջև եղել է հեռախոսակապ: Հովհաննեսը, որը մեքենայից իջել էր հենց նույն վայրում՝ բնական կարիքները հոգալու համար բռնվում է Անդրոյի փոխարեն, քանի որ բերդի աշխատակիցը նկատել էր, որ ինչ որ բան է նետվել տարածք: Հետագայում անհայտ հանգամանքներում անհետացել են Անդրոյին Արթուրի հետ կապող հեռախոսները:
Արթուր Գևորգյանը ընդգծում է, որ չի ճանաչում Հովհաննես Չոլախյանին:
Հովհաննես Չոլախյանը բավականին հեշտորեն դատապարտվել է 13 տարի 3 ամիս ժամկետով տարվա ազատազրկման: Մինչդեռ նա մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել կատարվածի մեջ: Հովհաննես Չոլախյանի 82 ամյա մայրը մնացել է առանց խնամողի: Թագուհի Չոլախյանի սիրտը բոլորովին վերջերս է ստենդավորվել: Նշենք, որ Թագուհի Չոլախյանն էլ սպառնում է դիմել ծայրահեղ քայլի:
Նշենք, որ Թագուհի Չոլախյանը հացադուլ էր հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի մոտ և միայն առողջության վատթարացման պատճառով դադարեցրեց: Նա բազմաթիվ նամակներ է գրել ՀՀ նախագահին և Արդարադատության նախարարին: