Կարող ա գողանու՞մ եմ, աշխատավարձ է՝ ստանում եմ. պատգամավոր. «Հայկական ժամանակ»
«Երեկ տպագիր մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սպիտակի նախկին քաղաքապետ, ներկայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը երկու բնակարան է գնել և նվիրել աղջիկներին: Սրան զուգահեռ ԱԺ լրատվության վարչությունը պատասխանելով armtimes.com-ի գրավոր հարցմանը նշել էր, որ Վանիկ Ասատրյանը ևս դիմել է կառույցին բնակարանի վարձի 100 հազար դրամի փոխհատուցման խնդրանքով:
Armtimes.com-ն երեկ ԱԺ-ում Վանիկ Ասատրյանից հետաքրքրվել է, թե իսկապես բնակարան է ձեռք բերել և որտեղ է վարձել ԱԺ-ից ստացած փողերով տունը:
-Պարոն Ասատրյան, ԱԺ-ը ցուցակ էր հրապարակել, որտեղ այն պատգամավորների անուններն էր ներառված, ովքեր դիմել էին կառույցին՝ բնակարանի վարձի փոխհատուցման համար:
-Ես իմ աղետյալ քաղաքի` Սպիտակի հետ կապված կառավարությանը հարց եմ ուղղել, ինչու՞ այդ մասին ինձ հարց չես տալիս: Վանաձորում աշխատավարձ չեն տալիս, խի՞ դրա մասին բարձրաձայնած հարցիցս չես հարցնում: Ինչի՞ համար ես պարտադիր այդ հարցը տալիս: Ես իմ օրենքից օգտվել եմ, ես չեմ կարա ամեն օր Սպիտակից գնամ, գամ և ձմեռն էլ չեմ կարա վթարի ենթարկվեմ: Չի կարելի ինձ նման հարցեր տալ, էլ հարց չտաս, չեմ պատասխանի:
-Մամուլը գրել է, որ երկու բնակարան եք գնել և նվիրել ձեր աղջիկներին…
-Գլուխները պատով են տալիս, չկա նման բան: Ես դատի եմ տալու, հերքելու եմ: Իմ ժողովուրդն ինձ լավ գիտի, չարաչար սխալվում են: Ըտենց հարցեր էլ ինձ չտաս:
-Ուզում եք ասել, որ ֆինանսական խնդիրներ ունե՞ք:
-Այո:
-Պատգամավորի աշխատավարձը 650 հազար է…
-Կարող ա գողանու՞մ եմ, աշխատավարձ է՝ ստանում եմ: Ինձնից ի՞նչ ես ուզում: Ես լավ եմ արել, ինձ օրենքով տրված իրավունքից օգտվել եմ և վարձ եմ ուզել: Ինչ մնում է բնակարան գնելուն`ապացուցի:
-Դուք Սպիտակում ի՞նչ տուն ունեք: Առանձնատու՞ն է:
-Տուն ունեմ, բա հո դրսումը չեմ մնալու:
-Իսկ Երևանում բնակարանը որտե՞ղ եք վարձել, որքա՞ն եք վճարում:
-Բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Վարձալակությունը 140 հազար դրամ է:
-40 հազար ավելացնելը ձեզ համար խնդիր չէ՞:
-Ի՞նչ գիտես, որ խնդիր չէ: Ի՞նչ գիտես՝ ինչ ֆինանսական խնդիրներ ունեմ: 100 տոկոսով բնակարան եմ կորցրել երկրաշարժին, 8 տարի է, որ ֆաբրիկաս չի աշխատում, վարկերի, տոկոսների տակ եմ: Ինչ ես ասում, թե տուն եմ առել: Ես գիտեմ, թե ով է պատվիրել այդ հոդվածը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: