Փոստանջյանը դատի կտա ՀՀԿ-ին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց՝ ՀՀԿ ներկայացուցիչները պետք է ընդհանրապես իրավունք չունենան զբաղվել քաղաքականությամբ:
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս պետք է արգելվի ՀՀԿ-ին զբաղվել քաղաքականությամբ, Փոստանջյանը պատասխանեց. «Դատարանի որոշմամբ՝ արգելվելու է այդ կուսակցության գործունեությունը՝ հաշվի առնելով, թե այսքան տարիների ընթացքում ինչ մեծ չափերի վնաս են պատճառել իրենք մեր հանրությանը», – ասաց Փոստանջյանը:
ՀՀԿ-ին դատի տալու է Փոստանջյանը եւ իր քաղաքական ուժը: «Եթե ժամանակին դատապարտեինք Կոմունիստական կուսակցությունը, բոլշեւիզմը, ապա այսօր այս բոլշեւիզմի պատկերը չէր լինի: Դրա համար պետք է դատապարտել գործող ապօրինի ռեժիմը», – նշեց Փոստանջյանը:
Լրագրողների հարցին՝ «Երկիր ծիրանի»-ն կհամագործակցի՞ մեկ այլ քաղաքական ուժի հետ, Փոստանջյանը պատասխանեց. «Մենք քաղաքական դաշտում գործընկերներ չունենք»: