Այդ անձը արդեն հերքել է իր ասածները. ասում է ՝ մեզ չի հայհոյել․ Փոստանջյանը՝ Իգիթյանի մասին
Երկու օր առաջ միջադեպ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստի ընթացքում․ ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանը հայհոյանք հնչեցրեց․ այն ուղղված էր «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանին:
Այսօր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուսի Փոստանջյանը ճեպազրույց էր հրավիրել․ Henaran.am-ի թղթակիցը խնդրեց անդրադառնալ այս միջադեպին, և, ի վերջո, ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել «Երկիր ծիրանի»-ն։
«Որպեսզի նման դեպքերը մեզ չուղեկցեն, մենք պիտի փոխենք ամբողջ քաղաքական համակարգը։ Նման մարդիկ չպիտի լինեն ԱԺ-ում կամ Երևանի ավագանիում։ Մենք նոր քաղաքական ընտրանի ենք ուզում ձևավորել։ Այն պիտի ձևավորվի նաև անդրսահմանային մեր հայտրենիքի ներկայացուցիչներից։ ՀՀԿ-ականներից շատերին պետք է իրավունք տրված չլինի, որ զբաղվեն քաղաքականությամբ։ ՀՀԿ-ն պիտի դատապարտման ճանապարհով անցնի․ այլապես նրանք շարունակելու են իրենց քաղցկեղածին բջիջները տարածել», – նշեց Փոստանջյանը՝ շեշտելով՝ առայժմ սպասելու են, որպեսզի իրավապահները քայլեր ձեռնարկեն, իսկ եթե դա չարվի, ապա կուսակցությունն ինքը քայլեր կձեռնարկի։
«Ավագանու նիստի ընթացքում հայհոյանք հնչեց։ Իրավապահ մարմիններն իրենք պիտի գնահատական տան սրան։ Մենք կսպասենք, կտեսնենք՝ իրավապահներն ինչպես են արձագանքնելու սրան։
Տեղի է ունեցել խուլիգանություն, իսկ դա քրեորեն պատժելի է։ Մենք դեռ որոշ ժամանակ կսպասենք, որ տեսնենք՝ իրավապահները ինչ ընթացակարգ են մշակելու։ Իսկ եթե ոչինչ չանեն, մենք ինքներս գիտենք՝ ինչպես պաշտպանել մեր իրավունքները։
Այդ անձը արդեն հերքել է իր ասածները. ասում է ՝ մեզ չի հայհոյել։ Եթե նա մեզ չի հայհեյել, դահլիճում հայհոյանք է հնչել․ դա խուլիագանություն է։ Եթե մենք հիվանդ մարդու հետ գործ ունենք, դա այլ տիրույթ պիտի փոխանցվի։ Մարդն ով թույլ է տվել նման արատավոր արարք, պիտի պատժվի։ Եթե նա հիվանդ է, նրան պատժել պետք չէ, պետք է բուժել», – նշեց Փոստանջյանը։