Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար:
«Արցախի մեր գործընկերների հետ միասին մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր և իսկապես հաճելի է արձանագրել, որ այս տարիների ընթացքում մենք գրանցել ենք շոշափելի ձեռքբերումներ՝ մեր ներդրումն ունենալով ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Արցախի շրջանների զարգացման գործում: Համոզված եմ, որ առաջիկա տարիները ևս լինելու են ձեռքբերումային, և մենք շարունակելու են իրականացնել հաջողված ծրագրեր՝ ընդգրկելով նոր ուղղություններ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար:
«Պարոն քաղաքապետ, մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն հետևողականության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում եք Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Համոզված եղեք, որ արցախցիները բարձր են գնահատում Ձեր ջանքերը և խոր հարգանք են տածում Ձեր և Ձեր թիմի նկատմամբ: Ուրախ եմ, որ ես ևս գտնվում եմ Երևանում և հնարավորություն եմ ունենալու այս օրերին մեկ անգամ ևս զգալու Երևանի ջերմությունն ու դառնալու տոնի անմիջական մասնակիցը»,- նշել է Սուրեն Գրիգորյանը: