Այս անգամ Ադրբեջանը ոչ շահեկան դիրքերից է նստելու սեղանի շուրջ. քաղաքագետ
Քաղաքագետ Արթուր Ղազարյանը կարծում է, որ Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպումը կլինի հերթականը: «Բայց Հայաստանի համար շահեկան դիրքերից կլինի, որովհետև Ադրբեջանը հայտնի է դարձել որպես բռնատիրական երկիր: Այս առումով այս անգամ Ադրբեջանը ոչ շահեկան դիրքերից է նստելու սեղանի շուրջ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ նշեց քաղաքագետը: Նա նկատեց, որ մյուս կողմից սրված են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները:
«Բայց աշխարհաքաղաքական գործընթացները հուշում են, որ այս անգամ փորձում են այնպես անել, որ ինչ-որ նոր ելակետ լինի, որ տեսական բանակցություններից զատ գործնական քայլեր լինեն: Այստեղ ես թերահավատորեն եմ մոտենում, բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանի վրա իրոք ճնշումներ կան, հնարավոր է, որ նախկին քաղաքական գծից հետ կանգնի ու գնա զիջումների: Բայց քանի որ խոսվում է հայկական տարածքների հետ վերադարձի մասին, ես չեմ կարող վատատես լինել, լավատես պետք է լինել ու ասեմ, որ նման բան հնարավոր է քննարկել, բայց գործնականում նման բան չի կարող ստորագրվել: Մեզ համար առաջնային է կարգավիճակը, պետք է հաշվի առնվի նաև արցախահայության շահը, որը պահանջում է, որ ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, եթե արցախահայությունը դրան դեմ արտահայտվեց, դրանք կդառնան թղթի մի կտոր»,-նշեց Արթուր Ղազարյանը:
Վերջինս նկատեց, որ Ադրբեջանը հիմա ինչ-որ չափով զիջումային քաղաքականություն է վարում, նախքան ապրիլն ավելի շատ էր հոխորտում: