Սարգսյան- Ալիև հանդիպման ընթացքում կքննարկվի՞ հողերի վերադարձի հարցը
Հոկտեմբերի 11-ին Սոչիում տեղի են ունենալու ԵՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովները. սա նշանակում է՝ միաժամանակ Սոչիում են գտնվելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Իսկ վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը:
Հիշեցնենք՝ Սարգսյան-Ալիև հանդիպման հետ կապված՝ երկու նախագահների պատրաստակամության մասին օրերս՝ տարածաշրջանային այցից հետո, հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները:
Ընդամենը չորս օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ապրիլյան պատերազմից հետո պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանը ջանում է չեղարկել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Սարգսյանի ու Ալիևի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ մինչ այս՝ ՀՀ նախագահը հայտարարում էր ՝ չի հանդիպի Ալիևւի հետ, քանի դեռ կյանքի չեն կոչվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ադրբեջանը, սակայն, համառորեն չի ուզում հետաքննության մեխանիզմներ ներդնել, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ պարզել՝ որ կողմն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը»:
Քաղաքագետը շեշտեց՝ հիմա Ադրբեջանը «ողջունում է» Սարգսյան-Ալիև հանդիպման գաղափարը, և միևնույն ժամանակ, շարունակում վայրագությունները:
«Այսօր էլ ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինվոր մահացավ: Այնպես որ, այդպիսի հանդիպումները հայկական կողմին բացի վնասից՝ ուրիշ ոչինչ չեն տա: Ես դեմ եմ այդ հանդիպմանը», – նշեց քաղաքագետը՝ շեշտելով՝ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն հետ քայլ կլինի հայկական կողմի համար:
Անդրադառնալով հողերի վերադարձի հետ կապված հարցին՝ քաղաքագետը շեշտեց՝ Սերժ Սարգսյանը նման քայլի չի գնա, նման հարց պարզապես չի էլ քննարկի:
«Ինչ վերաբերում է 5 շրջանների վերադարձին, ապա կարող եմ ասել՝ այդ գաղափարը ռուսաստանյան մամուլում տարածում է Կրեմլին մոտ կանգնած Դուգինը: Բայց ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է նման քննարկումներ վարել:
Նա, ի վերջո, այդ մանդատը չունի: Ես կարծում եմ՝ ՀՀ-ում ոչ մի իշխանավոր իրավունք չունի ժողովրդի թիկունքում նման հարց քննարկել: Արցախի հետ կապված՝ կարևորագույն որոշումները պիտի կայացնի մեր ամբողջ հասարակությունը: Այս պատերազմը հայ ժողովուրդն է վարել: Այնպես որ, նմանատիպ հարցերի վերաբերյալ պետք է լինեն շատ լայն հասարակական քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հանրաքվե: Հետո միայն ՀՀ նախագահը կարող է այդ քննարկումների արդյունքների վրա հենվելով՝ ինչ որ քայլ անել», – նշեց բանախոսը՝ ընդգծելով՝ հայ ժողովուրդը չի ուզենա ինչ-որ կարգավիճակի դիմաց հողեր հանձնել:
«Դա մեզ համար ձեռնտու չի լինի: Դա խաբկանք կլինի հայերի համար», – եզրափակեց քաղաքագետը: