Ես ասել եմ, որ սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ. ՊՆ-ը՝ Գորգիսյանին
ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին հետաքրքիր է, թե ուսանողներն ինչ սկզբունքով են ընդունվելու ռազմարդյունաբերական համալիր: Այս մասին նա հարցրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության» օրենքի վերաբերյալ հանրային լսման ժամանակ:
Նախարարը պատասխանեց, որ անձնակազմի ընտրության մասով կարևորվելու են մի շարք չափանիշներ, ինչպես օրինակ՝ միջազգային օլիմպիադաների մասնակցություն, գիտական գործունեությամբ զբաղվելը մինչև ծրագրին դիմելը, երիտասարդ տարիքում հոդվածներ գրել, տպագրելը և այլն: «Բայց կառավարությունը պիտի սահմանի բոլոր չափորոշիչներչը, սա պիտի լինի շատ բաց»,-նկատեց Վ. Սարգսյանը:
Պատգամավորը նաև անդրադարձավ օրենքով առաջարկվող փոփոխություններից մեկին, որով անիմաստ է որակվում զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելը, առաջարկվում է, որ քաղաքացու առողջության վերաբերյալ, հետևաբար ծառայության համար պիտանի լինելու կամ չլինելու որակավորումն այսուհետ տա պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան: «Պոլիկլինիկաների դեպքում արդյոք չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր»,-հարցրեց Գորգիսյանը: Նախարար Սարգսյանն էլ արձագանքեց, որ իրականում պոլիկլինիկաներն ստանում են հսկայական գումար բուզննությունը կազմակերպելու համար: «Այսօրվա բուժզննությունն էլ են իրենք իրականացնում: Մենք ասում ենք, որ պոլիկլինիկան ինքը պետք է եզրակացություն տա՝ քաղաքացին պիտանի է, թե ոչ, ապա պիտի լինի հանձնաժողով, որն էլ պիտի եզրակացություն տա հատուկ դեպքերի դեպքում:
Կոռուպցիոն ռիսկեր, ցավոք սրտի, ամեն տեղում կան, հենց այս պահին շատ հեղինակավոր լավագույն մասնավոր կլինիկաներում աշխատող բժիշկներ, ովքեր ունեն հեղինակություն ու բարձր աշխատավարձ, այսօր հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում: Ես պարբերաբար բոլոր հանձնաժողովների անդամներին դիմել եմ ու ասել, որ սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ ամեն դեպքում պետք է ջանալ այնպես անել, որ կոռուպցիոն ռիսկերն անհնար դառնան կամ գոնե քիչ հավանական: