«Կոնվերս» բանկը թալանել են պարզունակ ձեւով. Հայկական Ժամանակ
Երեկ առավոտյան ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը թալանել է «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը։ Թերթի տեղեկություններով բանկի մասնաճյուղը թալանած անձը խոշոր չափի գործարք կատարելու պատրվակով նախապես պայմանավորվել էր կառավարչի հետ։ Նշանակված ժամին նա գնացել է բանկ եւ մտել կառավարչի սենյակ։
Նույն այդ տեղեկություններով, նա գրավոր տեսքով սպառնալիքներ է ներկայացրել, որում պահանջել է գումարը փոխանցել իրեն, այլապես կպայթեցնի բանկը։ Նա գրավոր պահանջ է ներկայացրել՝ այդ կերպ փորձելով խուսափել աղմուկից։ Կառավարիչը պահարանում եղած մոտ 200 հազար դոլարը տվել է նրան։ Ինչից հետո այդ անձը շարունակել է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջել, որպեսզի կառավարիչն իր հետ դուրս գա սենյակից, այլապես սպառնալիքներն իրականություն կդարձնի։
Երեւանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունը բանկից ահազանգը ստացել է ժամը 11:40-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բոնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել։
Երեկ կեսգիշերի դրությամբ բանկը թալանած անձնավորությունը դեռ չէր հայտնաբերվել։ Նույնիսկ նրա ինքնությունը պարզված չէ։ Համենայն դեպս իրավապահները որեւէ անուն ազգանուն չեն հրապարակել։ Եվ դա այն դեպքում, երբ այդ անձը դիմակավորված չի եղել։ Հանրապետության տարբեր ճանապարհներին երեկ կեսօրից հետո հայտնվել են ոստիկանական «պոստեր»։
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: