ՀՀԿ-ը սահմանափակում չի դնում
«Տարածել ենք հայտարարություն, կամ համայնքներ, որտեղ ընդհանրապես մենք ձեռնպահ ենք մնացել, և կան համայքներ, որտեղ որ հստակ «Հանրապետականն» առաջադրել է իր թեկնածուին: Բայց մենք որևէ սահմանափակում չենք դրել այդ թեկնածուների նկատմամբ, դա կլինի հանրապետական, անկուսակցական, որոնք ցանկություն կունենան մասնակցելու ընտրությանը»,-այսօր խորհրդարանում բրիֆինգների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ համայնքներում ՀՀԿ-ն երկու ՀՀԿ-ականի է առաջադրել:
Պատգամավորն ընդգծեց, որ «Հանրապետականն» ունի իր դիրքորոշումը թեկնածուների նկատմամբ, իսկ մրցակցության ժամանակ որևէ խոչընդոտ չի լինելու: «Նրանք կարող են ազատ մրցակցության պայմաններում ստանալ ժողովդի քվեն»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտնեց, որ ՀՅԴ-ն կմասնակցի նոյեմբերի 5-ին 8 խոշորացված համայքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: «Առավելապես ավագանիների ընտրություններին ենք մասնակցելու։ Եթե չեմ սխալվում, 3-4 համայնքում ունենք համայնքապետի թեկնածու, մյուս տեղերում՝ 2-ից 4 ավագանու թեկնածու ենք առաջադրել», – նշեց նա։ Աղվան Վարդանյանը նաև ընդգծեց, որ ՀՅԴ մարզային կառույցներն այս պահին զբաղված են այդ հարցերով։