Կխոսենք նոյեմբերի 5-ի երեկոյան. ՀՀԿ-ը՝ ՏԻՄ ընտրություններից
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստին քննարկվել են ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրմանը: Մոտ 8 համայնքում կլինի ազատ դաշտ, ու ՀՀԿ-ական թեկնածուները նաև ազատ մրցակցություն կունենան, բայց հիմնական մարզային ու տարածքային կառույցների որոշումները կուսակցությունն ընդունել է ի գիտություն: «Զարմանալի է, որ բացի ՀՀԿ-ից թեկնածուներ են առաջադրվել միայն ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից այն իմասոտով, որ աստիճանաբար քաղաքական ուժեր են հայտնվում ընդդիմության ճակատում: Ու անհասկանալի է, թե այդ ուժերն առանց ՏԻՄ ընտրություններում լուրջ դերակատարության ինչպես են լուրջ դեր ունենալու ՀՀ քաղաքացու կյանքում: Սա խոսում է, որ կուսակցությունները մարզային կառույցներում լուրջ անելիքներ ունեն: Իսկ մենք պատրաստ ենք օրենքով սահմանված կարգով մրցել մեր գործընկերների թեկնածուների հետ»,-նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, նա պատասխանեց. «Անհամեստություն կլինի, որ ես գնահատեմ, կխոսենք նոյեմբերի 5-ի երեկոյան, մենք պետք է աշխատենք պահպանել մեր դիրքերն ու հնարավորության դեպքում ավելացնել ու ամրապնդել մեր դիրքերը»:
Նա նշեց, որ կուսակցությունում քննարկվել են նաև խորհրդարանի աշխատանքները, և գործադիր մարմինն ընդհանուր առմամբ դրական է գնահատում այն: