«Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին»
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ՝
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:
Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետեւ միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամարտությունների ու մարտահրավերների մեր ժամանակներում ուսուցիչը կոչված է ոչ միայն պահպանել ոգու ամրությունն ու սթափությունը, այլեւ գիտելիքի հետ մեկտեղ դրանք փոխանցել աշակերտին` օգնելով գտնել կյանքի ճիշտ ճանապարհը, ինքնուրույն մտածել, որոշումներ ընդունել եւ պատասխանատվություն ստանձնել այդ որոշումների համար: Ուստի ուսուցչի աշխատանքը, մեծ պատիվ ու պատասխանատվություն լինելով, միաժամանակ նաեւ հնարավորություն է` իսկական բավականություն ստանալու ցանած սերմի արդյունքը տեսնելիս:
Որակյալ եւ մրցունակ կրթությունը մարդկային բարձր ինքնագիտակցության եւ բարեկեցության երաշխիքն է, ուժեղ երկիր ու արժանապատիվ հասարակություն ունենալու հուսալի ճանապարհը: Այդ ամենի հիմնարկեքը մեր գիտակցության մեջ եւ մեր հոգիներում կատարում եք դուք, սիրելի՛ ուսուցիչներ՝ շարունակաբար նպաստելով յուրաքանչյուրիս զարգացմանը: Դուք մեր առաջին հաջողությունները կերտողն եք, առաջին դժվարությունները հաղթահարելու աջակիցը, առաջին գիտելիքը մատուցողը, ում հիշում ենք ողջ կյանքում:
Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին, այն գիտելիքի համար, որ փոխանցում եք աշակերտին, մարդկային այն բարձր որակների համար, որ ձեւավորում եք նրա մեջ` ապահովելով երկրի հիմքի ամրությունը:
Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»: