11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Երակները փրթողը»

«ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Դատաիրավական համակարգի բարեփոխումների սկզբնական շրջանն էր։ Ստեղծվել էր մշտադիտարկման խումբ, որը պետք է վերահսկեր արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում ձերբակալված և ազատազրկված անձանց իրավունքները։ Խումբը մեծ չէր թվաքանակով, բավական ծանրաբեռնված էինք աշխատում և հասարակական հիմունքներով, իսկ քրեակատարողական հիմնարկները սփռված են ողջ հանրապետությունով մեկ՝ Մեղրիից մինչև Գյումրի։ Առանձին գրասենյակ չունեինք, որ առանձին հեռախոսահամար ունենայինք, ուստի ես, որ խմբի նախագահն էի, ստիպված էի իմ տան հեռախոսահամարը տարածել ազատազրկվածների շրջանում, որպեսզի ազատազրկման և պահման վայրերում գտնվողները կարողանային ահազանգել իրենց նկատմամբ թույլ տրված իրավախախտումների մասին։ 
Չթվարկեմ, բազում խնդիրներ կային, առհասարակ բոլոր քրեակատարողական հիմնարկներում առկա էին օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, որոնք մեծամասամբ նախորդ հասարակարգից ստացած ժառանգության հետևանքն էին, և ահազանգերն էլ չափազանց շատ էին։ 
Մեկը կար, որ մի քանի քրեակատարողական հիմնարկներում նստելու ստաժ ուներ և բավական փորձառու մեկն էր ու գիտեր ինչ հունարներ բանեցնի իր ուզածին հասնելու համար։ Նա այս վերջին պատիժը կրում էր 10-12 տարեկան աղջնակի վզից մեկ- երկու գրամանոց ոսկյա խաչով շղթան ահաբեկչությամբ կողոպտելու մեղադրանքով։ Սա շատ հաճախակի էր ահազանգում իր իրավունքների նկատմամբ թույլ տված խախտումների վերաբերյալ։ Մի դեպքում դժգոհում էր խցակիցներից, պահանջում իրեն այլ խուց տեղափոխել։ Իրականում պատճառը խցակիցների հետ թղթախաղում տանուլ տվածից խուսափելն էր, դրա համար էր պահանջում իրեն այլ խուց տեղափոխել, իսկ վարչակազմի համար համատեղելիության տարբերակներ գտնելը խնդիր էր։ Մեկ բուժսպասարկումից էր դժգոհում և գդալի պոչ էր կուլ տալիս կամ ամբողջական գդալը, պահանջում իրեն տեղափոխել կենտրոնական հիվանդանոց, մեկ այլ դեպքում էլ բողոքում էր սննդի որակից։ Մի երկու անգամ էլ որպես վարչակարգի դեմ բողոք՝ բերանն էր կարել։ Մի խոսքով՝ արդարություն էր պահանջում։ Մի օր վաղ առավոտյան ինձ ահազանգեց.
– Եթե մինչև մեկ ժամը չըլնես ստե, ինքնավնասում կանեմ՝ երակներս կփրթեմ, – 
հրամայականի պես ասաց նա ու հեռախոսն անջատեց։ Վախեցա խիստ, մտածեցի՝ թե էս ի՞նչ են բերել մարդու գլխին, որ սա այսպիսի մի քայլի է ուզում դիմել։ Ինչպես ասում են, քնաթաթախ ինձ գցեցի ահազանգողի քրեակատարողական հիմնարկ։ Պետը ինձ ընդունեց։ Ասացի, որ այցելությունս շատ հրատապ է, մի խնդրով անհանգստացած եմ շատ, հանգամանքներից ելնելով՝ միայնակ եմ ներկայացել (ըստ կարգի՝ առնվազն երկուսով պետք է ներկայանալ), խնդրում եմ թույլ տալ ահազանգողի հետ հանդիպեմ։ Ասացի՝ ում ահազանգով եմ եկել։ Պետը շատ զարմացավ, թե տվյալ անձը ինչու պետք է ահազանգեր, եթե իրեն ընտանիքի հետ տեսակցության հնարավորություն են տվել, բայց թույլատրեց, և հանդիպեցինք։ Երբ հանդիպեցի, ցուլի պես տղամարդը շատ խեղճացած տեսք ուներ, կուչ էր եկել, մի բուռ դարձել։
– Չորրորդ տարիս կլրանա ստե՝ ինչ նստած եմ, – ասաց, – չորս երեխա ունեմ, որ սոցիալական պայմաններից ելնելով տեղափոխվել են Ռուսաստան՝ բարեկամներիս մոտ։ Այսքան տարի կնոջս եմ միայն մի անգամ տեսել։ Խնդրում եմ միջնորդես, որ տեսակցությանը թույլատրեն բոլոր երեխաներիս։ Եթե չթույլատրեն, ասել եմ՝ երակներս կփրթեմ։ Օրենքով սահմանափակում կար երեխաների թվաքանակի վերաբերյալ, որի համար մենք մեր հաշվետվությունների մեջ առաջարկում և պահանջում էինք այդ սահմանափակումը վերացնել, ինչը որ հետագայում արվեց։ Տեսակցությունից հետո նորից հանդիպեցի հիմնարկի պետին, խնդրեցի իմ անունից, ասացի, որ վարչության պետին էլ կխնդրեմ, որպեսզի թույլատրի բոլոր երեխաների հետ տեսակցությունը։ Պետը խոստացավ մի բան անել։
– Ես էլ վարչության պետին կխնդրեմ , որ բացառություն անի, – ասաց պետը և 
մենք բաժանվեցինք։ Ամբողջ գիշեր մտածում էի՝ թույլատրեցի՞ն, թե ոչ։ Առավոտյան զանգահարեցի պետին։ Թույլտվությունը տվել էին, և մարդն իր բոլոր երեխաների և կնոջ հետ տեսակցել էր։ Կորեկաչափ արդարություն էր, իսկ ինձ համար խաղթանակի պես մի բան։ 
Անցել էր մոտ երկու տարի կամ մի քիչ պակաս։ Հեթական այցելությունից հետո տուն էի վերադառնում իմ սեփական մեքենայով։ «Նաիրի» կինոթատրոնի մոտ խաչմերուկի կարմիր լույսի տակ կանգնել և սպասում էի կանաչ լույսին։ Մեկ էլ անսպասելի հարված ստացա հետևից։ Հարվածը բավական ուժեղ էր։ Մեքենայից դուրս եկա, նայեցի, որ իրոք բավական լուրջ վնասվել էր մեքենան։ Վթարը անզգուշության հետևանք էր ամենայն հավանականությամբ։ Հարվածողն ու իր կողքի նստողը նույնպես իջան մեքենայից ու մոտ եկան։ Իսկույն ճանաչեցի ղեկի մոտ նստածին, նա էր՝ իր երակները հանուն արդարության փրթողը։ Սրանք նայեցին, տնտղեցին մեքենան ու սրանցից էն մեկը, որ վարորդի կողքի նստողն էր, թե.
– Բան էլ չկա, ապե, քշի գնա, պրոբկա մի արա, – ասաց։ 
– Ոնց թե բան չկա, – ասացի զարմացած։
– Քշի՛, քշի գնա՛, քանի չեմ ստիպե, որ իմ մեքենայի ջառմեն էլ դու քաշես, էղա՞վ, – ասաց 
իր երակները փրթողը՝ աչքերիս մեջ սպառնալից նայելով։ Անհավատալի բան ինձ համար։ Ինչպես կարող էր ինքը ինձ չճանաչեր։ Քանի անգամ եմ իրեն հանդիպել, լսել իր բողոքները, նույնքան անգամ էլ ինքն է ինձ տեսել։ Չեմ կարող ասել, կամ ի՞նչը նրան ստիպեց ինձ հետ այդպես վարվել, այդ տոնով ու ահաբեկելով ինձ հետ խոսել։ Երկուսով շուռ եկան, գնացին նստեցին իրենց մեքենան ու ճողոպրեցին մի կերպ։ Հիշեցի հանրահայտ հիդալգո Դոն Կիխոտին։ Կարծես ես նույնպես հանդիպել էի կալանավոր Խինես դե Պասամոնտեին, որին կալանքից ազատել էր Դոն Կիխոտը, և որը հետո գողացել էր զինակրի՝ Սանչոյի ավանակը։ Որոշեցի սրանց պատժել և ոստիկանություն դիմել, բայց հետ կանգնեցի այդ մտքից։ Հիշեցի իր չորս երեխաններին, որոնցից յուրաքանչյուրը մերժվելու ահով էր սպասում հոր հետ տեսակցությանը։ Եթե բողոքեի, այդ նստած-հելածները, ինչպես իրենք են իրենց մասին ասում, ոստիկանությունում շատ բարդ իրավիճակում կհայտնվեին։ 
Ինչպես ասում է գրողը, ինչքան էլ նվիրված լինես մեծ գաղափարի կամ թեկուզ հանուն արդարության գնաս ինքնազոհաբերության, ժամանակին ամեն ինչ թեքվում է դեպի մայրամուտը, մանավանդ՝ մարդկային կյանքում։ Տխրեցի շատ։ Տխրեցի ավելի շատ ոչ թե մեքենային հասցրած վնասի համար, այլ՝ վերաբերմունքի։ Ես ցանկացա նրանցից բարձր գտնվել և հետագա վիճաբանության մեջ չմտա, ինչ-որ բան ապացուցելու համար։ 
Այժմ ավելի քան սթափ եմ մոտենում մարդկային նման դրսևորումներին, բայց երբ խոսքը դառնում է մարդու իրավունքի պաշտպանության ասպետականությանը, հասկանում եմ, որ դեռ մնացել եմ նույն հիվանդը՝ հիդալգո ասպետը»։

Գրող, հրապարակախոս Թեմիկ Խալափյանի գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ