Երեւանում կկայանա Երրորդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումը
Երեւանում կկայանա Երրորդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումը:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխը, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Սոսե Մարտիրոսյանը, Հայ-ռուսական երիտասարդական միասնության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը եւ «Worldskills Russia» ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Գլուշկոն խոսեցին հայ եւ ռուս երիտասարդ գործարարների հետաքրքրությունների եւ համատեղ ներդրումային ծրագրերի մասին:
«Worldskills Russia» ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Գլուշկոն նշեց, որ Հայաստանի հետ համագործակցությունն առաջին հերթին կառուցվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից Աստանայում կայացած ֆորումի ժամանակ ստորագրված համաձայանգրով, որով ստեղծվել է «Eurasia Skills»-ը: Նա նշեց, որ այն նպատակ ունի զարգացնել, մշակել եւ պատրաստել մասնագետների, ինչը երիտասարդների համար հիանալի տարբերակ է՝ իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնելու եւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու համար:
Հայ-ռուսական երիտասարդական միասնության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը փաստեց, որ նման համագործակցությունները կարեւոր են, քանի որ որակյալ կադրերի պատրաստումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ամբողջ աշխարհի համար:
ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխի խոսքով էլ՝ յուրաքանչյուր երկրի համար շարժիչ ուժ է հանդիսանում հենց երիտասարդությունը, ուստի կարեւոր է, որ նրանք ստանան պրոֆեսիոնալ որակավորում, իմանան մեր ազգերի մշակույթը, արդյունավետ կերպով շփվեն եւ համագործակցեն միմյանց հետ:
Կենտրոնի ներկայացուցիչ Սոսե Մարտիրոսյանը կարեւորելով համագործակցության ոլորտները, նշեց, որ հայ եւ ռուս երիտասարդները պետք է հասկանան, թե որքան կարեւոր եւ թանկ են համագործակցության շրջանակները: Իսկ նման ֆորումների անցկացումը եւս վառ ապացույցն է՝ արդյունավետ համագործակցության:
Ֆորումի մասին խոսելով Ելենա Գոդովիխը կարեւորեց նաեւ բանախոսներին: Վերջիններս տնտեսագետներ, քաղաքագետներ, եւ այլ ոլորտի ներկայացուցիչներ են, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվում են մասնակիցների հետ: