«Դուք դեռ 80 միլիոնանոց խուժանին չեք տեսել»
«Եթե մի գաղափար ուզում եք վարկաբեկել, ծայրահեղացնում ես, մեր քննարկումներում շատ է այդ մոտեցումը, հատկապես սուվերենության գաղափարը, երբ փորձում են ծայրահեղացնել ու դրանով դիվիդենտներ շահել»,-այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀկ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծից: Պատգամավորը բացատրեց, թե ընդդիմադիրներն ասում են, որ եթե Ռդ զինված ուժերը լինեն Հայաստանում, ուրեմն մենք կկորցնենք մեր ինքնիշխանությունը: «Ամերիկյան բանակն էլ Գերմանիայում է, Ճապոնիայում է, նրանք սուվերեն պետություններ չե՞ն»,-հարցրեց նա:
Միհրան Հակոբյանը ընդգծեց, որ ընդդիմադիրների համար խնդիրը այն է , որ թույլ չտան «բորենի» ՌԴ-ին զորքեր ունենալ ՀՀ-ում: «Գևորգ Գորգիսյանն ասում է՝ արտաքին թշնամու կերպար եք ստեղծում, դրանով փորփում ինչ-ինչ հարցեր լուծել: 74 թվականին ի՞նչը խանգարեց, որ ներխուշի Կիպրոս, հետո Իրաք, Սիրիա: Եթե ռուսական աջակցությունը չլինի, ի՞նչը կխանգարի, որ մտնեն Հայաստան:
Լավ է, որ մեր գործընկերները չեն փորձում մեզ համոզել, որ թուրքերը փոխվել են»,-ասաց նա ու հիշեցրեց, որ Գարո Փալյանին վերջերս ծեծեցին այդ նույն Թուրքիայի կրթված ու զարգացած պատգամավորները: «Դուք դեռ 80 միլիոնանոց խուժանին չեք տեսել»,-եզրափակեց նա:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, արձագանքելով Գորգիսյանին, թե այստեղ են եկել, որ կոճակ սեղմեն, ասաց, որ նման բան չկա, իրենց խմբակցությունն իսկապես աշխատում է: