Գումբուրդոյի եկեղեցին իր տարածքով հանդիսանում է վրաց պատրիարքարանի սեփականությունը․ լրագրող
«Գումբուրդոյի եկեղեցին իր տարածքով հանդիսանում է վրաց պատրիարքարանի սեփականությունը, և վրաց հոգևորականների բարի կամքի դրսևորմամբ միայն հնարավոր է խաչքար տեղադրել»։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» «Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է տեսազանգի միջոցով միացած, Վրաստանի Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը։
Վերջինը հերքել է տեղեկությունները, թե Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայինները ծեծել են Գումբուրդո գյուղի բնակիչներին։
Նա նշել է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Իրականում միայն մեկ միջադեպ է եղել, որի ժամանակ հայ գյուղացիներին ծեծել են հայ ոստիկանները։ Ճիշտ չէ միջադեպը որակել որպես վրացի ոստիկանների եւ հայերի միջեւ բախումներ»,– ասել է լրագրողը։
Վրաստանի հարցերով մասնագետ Ջոնի Մելիքյանն էլ նշել է, որ Ջավախքի Գումբուրդո գյուղում խաչքարի տեղադրման խնդիրը կարող է լուծվել կոնսենսուսի միջոցով։Նա նշել է, որ եկեղեցին պատկանում է Վրաց Ուղղափառ եկեղեցուն։
«Ինչ վերաբերում է հայկական գերեզմաններին, այդ գործընթացը սկսվել էր անցյալ տարի, հայկական համայնքը մասնակցում է դրան։Պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի վերջին նորից վերադառնալ թեմային։ Քանի որ տարածքը եւ եկեղեցին Վրաստանի ուղղափառ եկեղեցուն են պատկանում, երկրի իշխանությունները չեն կարող խառնվել, եւ առաջարկել են հարցը լուծել եկեղեցիների միջեւ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքում Գումբուրդո գյուղի բնակիչները ցանկացել էին 10-րդ դարի վիճահարույց եկեղեցու ( Հայ Առաքելական եկեղեցին համարում է հայկական, իսկ Վրաց ուղղափառ ուղղափառ եկեղեցին՝ վրաց քաղկեդոնական) բակում խաչքար տեղադրել: Սակայն ոստիկանները չեն թույլատրել՝ տեղեկացնելով, թե ունեն համապտասխան հրաման: Արդյունքում տեղի է ունեցել բախում ոստիկանների եւ բնակիչների միջեւ, ինչից հետո դեպքի վայր են ժամանել նաեւ հատուկ նշանակության զորքերը: