Որն էր Սերժ Սարգսյանի հայտարարության նպատակը
«Ոչ, նախագահի հայտարարությունը չի մղի Թուրքիային, որ ստորագրեն արձանագրությունները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցին, թե նախագահ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների մասով ինչի կմղի Թուրքիային: Նշենք, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին ՀՀ նախագահը հայտարարեց, որ եթե Թուրքիան մինչև գարուն չվավերացնի ցյուրիխյան արձանագրություններն, ապա դրանք առ ոչինչ կհայտարարվեն մեր կողմից:
«Մոտենում է այն խելամիտ ժամկետը, որի մասին հանրապետության նախագահը պարբերաբար ասել է, և մենք ունենք հստակ պետական դիրքորոշում, որը, ես կարծում եմ, նույն «Դաշնակցության» դիրքորոշումն է, որն, ի վերջո, դարձավ Սահմանադրական դատարանի որոշում: Եվ ակնհայտ է, որ առնվազն Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը որևէ քայլ չի անելու այս ուղղությամբ:
Շատերն ասում են, որ նախագահի այս ելույթը նրա համար էր, որպեսզի շահագրգռի Թուրքիային, կամ Եվրոպան, ԱՄՆ-ն փորձեն Թուրքիայի հետ աշխատել, որ Թուրքիան առաջ գնա, սակայն մենք հաճախ փաստերը մոռանում ենք»,-հավելեց Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ դրանից հետո հետագայում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ եթե նախագահը մտածեր, որ Թուրքիան նման բան կանի, ապա նման հայտարարություն չէր անի: «Այնպես որ, ես խորապես համոզված եմ, որ Թուրքիան որևէ բան չի անելու, և մենք 2018 թվականի գարուն մտնելու ենք առանց այդ անիմաստ, անհեռանկար, սին արձանագրությունների»: