Մահացել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդը
Henaran.am-ի տեղեկություններով, անցած գիշեր մահացել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հոգեւոր հայրը երիկամների անբավարարության խնդիր ուներ, նաեւ շաքարային դիաբետ: Նա պարբերաբար բուժում էր ստանում եւ օրեր առաջ տեղափոխվել էր Սիդնեյի հիվանդանոց: Սակայն, նախնական տեղեկություններով, նա մահացել է սրտի կաթվածից:
Տ.Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (ավազանի անունով Եղիա) ծնվել է 1946թ. օգոստոսի 18-ին Հալեպում: Այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը: 1961թ. ընդունվել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը, 1968 թվականին ավարտել ընծայարանի բաժինը:
1966թ. մայիսին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1968թ. հուլիսին աբեղա` ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի:
1971թ. նոյեմբերին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում լուսարարապետ Տ. Հայկազուն արքեպիսկոպոսի ձեռամբ ստացել է վարդապետական աստիճան:
1968-1971թթ. վարել է ընծայարանի փոխտեսչի եւ քարտուղարի պաշտոնները` դասավանդելով միաժամանակ գրաբար, աշխարհագրություն:
1972թ. Տ. Եղիշե Պատրիարքից իրավունք է ստացել կրելու վարդապետական լանջախաչ եւ ծաղկյա փիլոն:
1970-1971թթ. միաժամանակ վարել է Գյուլպենկյան մատենադարանի տեսչի պաշտոնը:
1971-74թթ. Երեւանի պետական համալսարանում հետեւել է հայոց լեզվի եւ գրականության դասընթացներին` որպես ազատ ունկնդիր:Նույն տարիներին Էջմիածնի հոգեւոր ճեմարանում դասավանդել է մեկնություն Հին եւ Նոր Կտակարանների, Ծիսագիտություն, Վարք Սրբոց եւ Քրիստոնեական առարկաներ:
1974-1975թթ., վերադառնալով Երուսաղեմ, վարել է Ժառանգավորաց վարժարանի եւ ընծայարանի տեսչի պաշտոնը` միաժամանակ դասավանդելով Աստվածաբանություն, Գրաբար եւ Ծիսագիտություն: 1975թ. նոյեմբերից, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին եպիսկոպոսի հրավերով, վարել է թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը: Տ. Աղան եպիսկոպոսն աշխատակցել է Ս. Աթոռի “Սիոն” ամսագրին: Կազմել է ամսագրի 1866-77թթ. եւ 1927-71թթ. նյութերի մատենագրությունը:
1976թ. հունիսին Սիդնեյում ծայրագույն վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ Առաջնորդ Տ. Գարեգին եպիսկոպոս Գազանճյանի: 1981թ. նոյեմբերին Վեհափառ Հայրապետի կոնդակով նշանակվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի աոաջնորդ: 1982թ. փետրվարի 14-ին ձեռնադրվել է եպիսկոպոս:
1991թ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվում է Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի հայրապետական պատվիրակ: 1993թ. հունվարի 17-ին Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով, Աղան Սրբազանին արքության պատիվ է շնորհվել: 1994-97թթ. ընտրվել է Ավստրալիայի Եկեղեցիների Ազգային խորհրդի առաջին նախագահ: 1995-ից ի վեր Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ է:
1998-ից ի վեր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: Մասնակցել է ԵՀԽ-ի Կանբերայի (1991թ.) եւ Հարարեի (1998 թ.) համագումարներին:
1995թ. եւ 2003 թ. արժանացել է Ավստրալիայի պետական շքանշաններին, երկրին ու հասարակությանը, հատկապես հայ գաղութին մատուցած բարի ծառայության համար: