29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես դրան հասնելու եմ, ավելի քան համոզված եմ. Վանաձորի քաղաքապետ

1 տարի առաջ հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ավագանու ընտրություններից հետո բավական աղմկալի զարգացումներ եղան, արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Այս արդյունքը չընդունելով մինչև հիմա ավագանու երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ը, ՀՎԿ-ը և «Լուսավոր Հայաստանը» բոյկոտում են նիստերը: Ինչևէ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ավագանու իրենց անդամների հետ միասին անցկացնում են նիստերը, թեկուզև ընդդիմադիր խմբակցությունների հայցը Սահմանադրական դատարանում է:

Անցած մեկ տարվա, անելիքների ու բոյկոտի մասին Henaran.am-ը զրուցել է Մամիկոն Ասլանյանի հետ:

Խնդրում եմ ներկայացնել, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ զգալի փոփոխություններ են կատարվել քաղաքացու համար:

-Սկզբնական շրջանում ցուր ձմեռ, և մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք փողոցների մաքրման աշխատանքները ոչ գերազանց, բայց պատշաճ որակով իրականացնել, որ քաղաքում տրանսպորտային խցանումների ու սառցակալման խնդիր չունենանք: Շատ հրաշալի ամանորյա միջոցառումներ էինք կազմակերպել, հրաշք եղևնի ունեին, բոլորն այդ թեմայով խոսում էին: Հիմա ասֆալատապատման աշխատանքներ են ընթանում մոտ 15 փողոցների: Աղբի բնագավառում ենք մեկ միասնական օպեատորի հետ սկսել աշխատանքներ:

Աշխատատեղերի առումով նորերն են ավելացել կարի ֆաբրիկայում:

Մոտավորապես ինչքա՞ն աշխատատեղ է բացվել:

-Մոտավորապես 600 աշխատատեղի պակաս ունեինք, հիմա դրանցից 450-ը արդեն լրացվել են, սակայն թափուր տեղեր կան: Սեփականատերը դիմեց ինձ, որ այս պահին մոտ 100 հոգու կարող են ընդունել, բայց կարող բանվորուհիների պակաս կա:

Խոսքը «Գլորիա» կարի ֆաբրիկայի՞ մասին է:

-«Գլորիայի» և դրան կից: Իտալահայ գործընկեր ունենք, ով իմ ընկերն է, նա մոտ մեկ շաբաթ առաջ 25 հազար եվրո է նվիրաբերել, որպեսզի տեխնիկա գնենք: Լայնամասշաբ շինարարություններ են տեղի ունենում: Նաև մի շարք մարդիկ, վստահելով մեր իշխանություններին, այդ թվում ինձ, մասնավոր ներդրումներ են անում հիմա Վանաձոր քաղաքում: Շուտով սպասում են ռուս-պարսկական գործարանի հիմնադրմանը գազալցակայանների արտադրության:

Վարչապետը մշտապես խոսում է տուրիզմի մասին: Այս ոլորտում ի՞նչ է փոխվել:

-Ծրագրեր կան, ներդրողներ բազա է պետք մեզ հիմա, վարչապետի անմիջական հսկողությամբ է դա տեղի ունենում, որպեսզի կարողանանք հաջողություններ արձանագրել տուրիզմի զարգացման ոլորտում, բավական հետաքրքրվողներ կան, հիմա չեմ կարող փակագծերը բացել, հետագայում կներկայացնենք:

-Երիտասարդների կյանքն աշխուժացնելու միջոցառումները չե՞ք կարևորում:

-Հենց տուրիզմը դրան է միտված նաև: Մասսայական մշակութային միջոցառումներ ենք արել, երեկ առաջին անգամ մանսուրյանական երաժշտությունը թևածեց Վանաձորում, համերգ ենք կազմակերպել: Մեկ շաբաթ առաջ մաեստրո Չեքիջյանի համերգն էր, իսկ հոկտեմբերի 7-ին՝ քաղաքի տոնին «Ռեինկառնացիան» համերգ կտա: Ի դեպ, քաղաքն այս պահին տոնական հանդերձի մեջ է՝ պատված քույր քաղաքների ու ՀՀ-ի դրոշով:

Բայց կարծո՞ւմ եք՝ Ձեր այս բոլոր թվարկածները շարքային քաղաքացին զգում է իր մաշկի վրա, ավելի լա՞վ է ապրում:

-Իմ կարծիքով՝ քաղաքացու համար չափորոշիչները առօրյա իրենց կյանքում փոփոխություններն են, որոնք իմ սկզբում թվարկածներն էին: Բացի այդ մի շարք թաղամասերում լուսավորության խնդիր է լուծվել: Մի օրում կամ մի տարում հնարավոր չի քաղաքի բոլոր խնդիրները լուծել, բայց լուծման ընթացքը նաև քաղաքացիներին է ոգևորություն պատճառում: Նաև մասնավոր ներդրումներ կլինեն ռուս գործարարների կողմից, իմ ընկերների կողմից ևս:

Ձեր ղեկավարման ընթացքում կգա՞ մի օր, որ վանաձորցին չցանկանա արտագաղթել սեփական ծննդավայրից:

-Իմ թիվ մեկ խնդիրն ու երազանքը նա է, որին ես անպայման հասնելու եմ, որ վանաձորցի տղամարդիկ ներգաղթեն Վանաձոր: Կանանց հարցով, կարծես թե, որոշակի պայմաններ կան, բայց աշխատատեղեր են պետք, որպեսզի մեր հայ ավանդական ընտանիքները միասին սեփական քաղաքում կարողանան ապրել ու աշխատել: Ես դրան հասնելու եմ, ավելի քան համոզված եմ, չեմ կարող ասել՝ ինչ մասշտաբով, բայց հասնելու եմ: Արդեն կան արձագանքներ սոցցանցերում, որ եթե աշխատատեղեր լինեն, հայրենադարձություն կապահովվի:

-Արդեն մեկ տարի է անցել, բայց ավագանու անդամների մեծամասնությունը չի գալիս նիստերի: Ջանալո՞ւ եք, որ նրանք գան: Եվ բացի այդ, նրանք դեռևս Ձեզ չեն համարում ընտրված քաղաքապետ, Դուք Ձեզ համարո՞ւմ եք ընտրված:

-Սկզբնական շրջանում կարծում էի, որ մեր ընդդիմադիրների գոնե գերակշիռ մասը քաղաքի խնդիրների լուծման ուղղությամբ պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկելու, բայց օրըստօրե ես համոզվում եմ, որ հիմնական մասը հակված է ավելի շատ վատաբանելու, հաջողությունները չգնահատելու, ամեն ինչը սևով ու դժգույն ներկայացնելու: Այդ պատճառով էլ այս պահին բացի քաղաքի տնտեսության ու խնդիրներից աշխատում եմ քաղաքական պալեմիկաների մեջ չմտնել: Վանաձորը աշխուժության կարիք ունի, ոչ թե դատարկ խոսակցությունների, աշխատում եմ զերծ մնալ նման քաղաքական քննարկումներից: Բայց հաճելի կլիներ, որ այդ աշխատանքների մեջ ընդգրկված լինեին բոլոր նրանք, ում ժողովուրդը քվե է տվել ոչ բոյկոտելու համար:

Ինչ վերաբերում է իմ ընտրության օրինականությանը, ապա ընտրությունը տեղի է ունեցել գոնե ուղիղ եթերում, այստեղ լեգիտիմության կամ օրինականության որևէ խնդիր չի կարող առաջ գալ, ու որևէ մեկը չի էլ կարող դա վիճարկել: Հետևաբար, ես չեմ էլ ուզում մեկնաբանել մերկապարանոց հայտարարությունները:

 

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ