«Բայց էս Սանոն բերնից թուլա».հրապարակված ձայնագրությունը «ցնցեց» դահլիճը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստում հրապարակվեցին «ներքին դիտում» օպերատիվ գործողության ժամանակ կատարված ձայնագրությունները:
Նշենք, որ ձայնագրությունները հնարավոր չէր հասկանալ, քանի որ ձայնը շատ ցածր էր: Սկզբում հասկանալի էր, որ խոսակցությունը Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի միջև էր: Հետո հեռախոսազանգ է հնչում: Այդ ընթացքում կնոջ ձայն է լսվում.«Բայց էս Սանոն բերնից թուլա»:
Այս ձայնագրությունը առաջացրեց դահլիճի ծիծաղը: Գործով վկա Սուսաննա Հարությունյանը, ով աշխատել է ՕՐՕ դաշինքի Էջմիածնի գրասենյակում ասաց.«Ճիշտ էլ ասել եմ»:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը ժպտալով նրա ուղղությամբ էր նայում:
Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: