Ադրբեջանը խոշոր ռազմական գործողությունների է պատրաստվում. Կիրո Մանոյան
Ադրբեջանը խոշոր ռազմական գործողությունների է պատրաստվում: Եվ ամբողջ նախապատրաստությունը, որ նրանք իրականացնում են ինչպես Նախիջեւանում, այնպես էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, վկայում է այն մասին, որ Բաքուն խոշոր ռազմական գործողություններ է պատրաստում: Սակայն դա չի նշանակում, որ անպայման պատերազմ կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից երկու հիմնական հարցերի մասին խոսեց` Արցախի և Թուրքիայի հետ 2009 թվականին ստորագրված արձանագրությունների: Մանոյանը կարևորեց նախագահի այն շեշտադրությունը, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա:
Ինչ վերաբերում է նախագահի այն հայտարարությանը` մինչև գարուն Հայաստանն առոչինչ կհայտարարի այդ արձանագրությունները, քանի որ դրանք սին են, նա դա նույնպես կարևորեց, բայց միևնույն ժամանակ նշեց. «Մենք ասել ենք, կրկնում ենք, որ սա նույնիսկ ուշացած քայլ է, որովհետև Թուրքիան այս ամբողջ ընթացքում ցույց տվեց, որ ինքն անկեղծ չէր այդ բանակցությունների հարցում և հիմնական նախապայման էր դնում Արցախի հարցը: Դրա համար էլ արձանագրությունը առոչինչ հայտարարելու համար կարիք չկա նույնիսկ մինչև գարուն սպասել»:
Ինչ վերաբերում է Քուրդիստանի հանրաքվեին, նա նշեց, որ Իրաքի Քուրդիստանում հանրաքվեի պատճառով Թուրքիան կփորձի ուժ գործադրել, սակայն դա սխալ է։ Բացառված չէ, որ Իրաքը նույնպես ուժ կիրառի։ Իրաքի Քուրդիստանը կարող է բանակցություններ վարել նաեւ Բաղդադի հետ»։