Լազարյան եղբայրների դպրոցը չի փակվելու
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի, բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների հետ: Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման արդյունավետության բարձրացումն ու մանկավարժական կադրերի մասնագիտական և մեթոդական որակի բարելավումը:
Իր ելույթում ՌԴ ԿԳ նախարարն անդրադարձել է հայ-ռուսական կրթամշակութային բարեկամության պատմությանը՝ շեշտելով, որ հայ և ռուս անվանի մտավորականները հարյուրամյակներով իրենց ավանդն են ունեցել երկու ժողովուրդների մշակութային ժառանգության զարգացման գործում: «Ռուս գրողները մշտապես հետաքրքվել են հայ մշակույթով ու պատմությամբ, հիացել հայի տաղանդով: Երկու ժողովուրդների միջև կապն առաջին հերթին ամրապնդվել է գրականությամբ: Չնայած քաղաքական, տնտեսական փոփոխություններին՝ երկու ժողովուրդները շարունակում են լինել հոգևոր, բարեկամական կապի մեջ»,-նշել է Օ. Վասիլևան:
Նա կարևորել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդող ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է այս հարցում աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ավարտին Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օ.Յու.Վասիլևային շնորհվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր կոչում:
Պաշտոնական արարողությունից հետո ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին: Ի պատասխան լրագրողի Մոսկվայի արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ Լազարյան եղբայրների անվան թիվ 2042 դպրոցի փակման կամ օպտիմալացման մասին հարցի՝ ՌԴ ԿԳ նախարարը նշել է, որ Լազարյան եղբայրների դպրոցը չի փակվելու և շարունակելու է գործել:
Այցի շրջանակում ՌԴ ԿԳ նախարարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: