Նիկոլի պատճառով՝ վիճել են ներկա եւ նախկին նախարարները
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ բավականին լարված մթնոլորտում փակ խորհրդակցություն է տեղի ունեցել: Հ. Աբրահամյանը խորհրդակցություն էր հրսւվիրել պարզելու, թե ինչո՞ւ են ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին արգելել տեսակցել “Նուբարաշեն” ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանին ու մյուս կալանավորվածներին:
Այս մասին գրում է “168 ժամ” թերթը եւ հիշեցնում, որ “Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին” ՀՀ օրենքի 48 հոդվածի համաձայն Աժ պատգամավորները կալանավայրեր անարգել մուտք եւ ելք կատարելու իրավունք ունեն, այդ թվում կալանավորների խցեր:
Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Աժ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Վարդան Այվագյանը:
Խորհրդակցությունը բավական հետաքրքիր զարգացումներ է ունեցել. պարզվել է արդարադատության ներկա եւ նախկին ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը լուրջ տարակարծություններ են ունեցել կոնկրետ հոդվածի մեկնաբանության առնչությամբ:
Թերթի տեղեկություններով Հ. Թովմասյանն ասել է, որ պատգամավորները, այդ թվում Ն. Փաշինյանը, օրենքի համաձայն ՔԿՀ-ներ ազատ ելքի ու մուտքի հնարավորություն ունեն, բայց ոչ’ կալանավորներին տեսակցելու: Նրա հետ, բնականաբար, համամիտ չեն եղել Լ. Զուրաբյանն ու Ն. Փաշինյանը:
Սակայն նրանց միացել է նաեւ Դավիթ Հարությունյանը, ըստ էության, հակադրվելով իր կուսակից նախարարին: Ըստ Դ. Հարությունյանի ՔԿՀ մուտքի եւ ելքի իրավունքը ներառում է նաեւ կալանավորներին տեսակցելու հնարավորություն, սակայն Հ. Թովմասյանը հակառակն է պնդել:
Երեկ Դ.Հարությունյանից փորձեցինք ճշտել իրականությանը համապատասխանո՞ւմ են մեր տեղեկությունները, որ իր եւ Հրայր Թովմասյանի միջեւ բանավեճ է տեղի ունեցել օրենքի վերոնշյալ հոդվածի վերաբերյալ: Նա հրաժարվեց պատասխանել’ պատճառաբանելով, որ խորհրդակցությունը փակ, գաղտնի է եղել: Իսկ հարցին, թե համամի՞տ եք Հ. Թովմասյանի այն տեսակետի հետ, թե կալանավայրեր անարգել ելքի ու մուտքի իրավունքը միանգամայն տարբեր է կալանավորին տեսակցելու իրավունքից, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. “Ոչ, համաձայն չեմ”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: