Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2017 թվականի սեպտեմբերին 16-ին իսկական տոն էր ալպիական հարուստ բուսականություն և լեռնային առողջարար կլիմա ունեցող Ախալքալաքի Դադեշ գյուղում: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից տասնամյակներ անց հիմնովին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը:
Եկեղեցու վերաօծման արարողությունները սկսվել էին դեռևս նախորդ օրվանից, երբ գյուղի երիտասարդությունը ի նշան երախտագիտության ծնունդով դադեշցի, այժմ ռուսաստանաբնակ Թումասյան ընտանիքին և Ռուսաստանի Դաշնությունից նրանց զորակցող հարազատներին և ընկերներին՝ իրենց համագյուղացու պատվին կազմակերպեցին ընդունելություն, մատուցվեց մատաղ, ներդաշնակված գեղեցիկ հանդիսությամբ: Դա համայնքի երիտասարդության խոնարհումն էր կատարված Աստվածահաճո գործի, եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար կանգնեցնելու և գյուղի բնակչությանը Աստծով ապրելու, աղոթքով գործելու, Ամենազորի օրհնությամբ ամուսնություն կնքելու, Սուրբ մյուռոնով մկրտվելու հնարավորություն ընձեռելու համար:
Եկեղեցու վերաօծումը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:
Եկեղեցական հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Դավիթ Ճիճինաձեն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ՀՀ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը: Ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր Վրաստանից, Հայաստանի, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից:
Վերաօծման արարողությանը մասնակցում էին եկեղեցու վերակառուցման, շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքների կազմակերպիչներ Ալբերտ Մարանջյանը, Ռաֆիկ Սրմիկյանը, Կարեն Գրիգորյանը և Էդգար Կուրղինյանը:
50 տարվա բացակայությունից և բարեշեն Աստծու տունը համագյուղացիներին նվիրելու մեծ սիրով ծննդավայր էին ժամանել բարերարները՝ Տեր և Տիկին Լյուդվիգ և Վալենտինա Թումասյանները:
Եկեղեցական արարողության ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորեց դադեշցիներին Աստվածամոր անունով վերակառուցված շքեղ եկեղեցի ունենալու համար, արժևորեց գյուղի արժանավոր զավակներին, ովքեր թեև մեկնել են հայրենի եզերքից, բայց շարունակում են նվիրումով իրենց ներդրումը կատարել գյուղի զարգացման, ծնող ժողովրդի բարեկեցության և մայր Եկեղեցու բարօրության համար: Վազգեն Սրբազանը օրհնության և գնահատանքի խոսքեր ասաց բարերարներին և փոխանցեց սրբապատկերներ ու օրհնության գիր:
Սուրբ Աստվածածին եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Ու վառվեցին առաջին մոմերը եկեղեցում: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան առաջին հաղորդությունը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց առաջին մկրտությունը: Սուրբ մյուռոնով դրոշմվեց փոքրիկ Մոնթեն:
Այնուհետև եկեղեցու բակում կատարվեց մատաղի օրհնություն և այն բաժանվեց ժողովրդին: Ներկաների ուրախությունը զուգակցվեց Ախալքալաքի մշակույթի տան երգի-պարի համույթների մասնակցությամբ ուրախ համերգով: Տոնական տրամադրությունը լրացվեց բարերարի կողմից գյուղի հանդիսությունների սրահում կազմակերպված հյուրասիրությամբ:
Դադեշ գյուղը գտնվում է Ախալքալաքից 13 կմ հարավ-արևմուտք: Գյուղի բնակիչների նախնիները եկել են 1830 թվականի կեսերին Էրզրումի նահանգի Աշկալա գյուղից, Մուշից, Կարսից: Նախ բնակություն են հաստատել Չիֆիկ և Չամդուրա գյուղերում, ապա 1845-46 թվականներին տեղափոխվել են Դադեշ, որտեղ մինչ իրենց ներգաղթն ու վերաբնակվելը ապրում էր բնիկների 14 հայ ընտանիք, եղել են նաև քրդեր: Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից է Սբ. Աստվածածին հին եկեղեցին։
1867թ. հին եկեղեցուն կից կառուցվել է նոր ու ավելի ընդարձակ համանուն եկեղեցի, որը խորհրդային տարիներից չի գործել: 2014 թ․ գյուղի բարերարների հովանավորությամբ սկսվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, որն ավարտվեց 2017 թվականին: