Նախնյաց հիշատակի տոնը Գարեգին Նժդեհի մասունքների մոտ
Հայ արիներն ու ազգայնականները սեպտեմբերի 23-ին նշել են արդեն ավանդական դարձած Նախնյաց տոնը:
Հայ Արիական Միաբանության կազմակերպած տոնակատարությանը մասնակցել են նաեւ սփյուռքահայեր ու այլազգի հյուրեր: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Խուստուփ լեռան լանջին, մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կատարել են հայ-արիական (արիադավան-հեթանոսական) ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց եւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Այդ օրը հայ արիները հիշում են հայ նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով Արարչատուր եւ Աստվածազարմ Հայ Գենի հավերժության ընթացքը, Հայ Տեսակի առաքելությունն ու շարունակականությունը, որը Երկրային Հայրենիքից ձգվում է դեպի Տիեզերական հոգե-ոգեղեն Հայաշխարհները…
Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ վերջերս երկրային կյանքից հեռացած արցախյան պատերազմի բովով անցած բժիշկ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանին, ով 1980-ականներին մի շարք հայորդիների հետ մասնակցել է Գարեգին Նժդեհի մասունքների Հայաստան տեղափոխման եւ վերաթաղման սրբազան գործին: Հետագայում մասնակցել է նաեւ Նժդեհյան ուխտագնացությունների կազմակերպմանը եւ դրանց գրառմանն ու հրատարակմանը:
Հայ նախնյաց հիշատակի օրվա հետ, որը նշվում է աշնանային գիշերահավասարին, նշվել է նաեւ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը (1991թ. սեպտեմբերի 21-ին հաստատված), որը հայ արիներն ու ազգայնականները նշել են՝ “Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր” կարգախոսով:
Հայ Արիական Միաբանությունը վստահ է, որ Հայ Աստվածների եւ Սրբազան Հոգիների կամոք հայությունը կհրապարակի եւս մեկ հռչակագիր, որը կազդարարի Հայաստան-Արցախ վերամիավորումը, ինչն էլ հիմք կդառնա Հայկական լեռնաշխարհը եւ հարակից տարածքները ներառող Միացյալ Հայաստանի հետագա՝ ամենաբաղձալի հռչակագրի համար…
Փա՛ռք Հայ Աստվածներին եւ Հայոց Փառահեղ Նախնյաց: Փա՛ռք Միացյալ Հայքը վերակերտողներին:
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն