Հայ ֆուտբոլասերները պահանջում են էժանացնել տոմսերը. բաց նամակ նախագահին
“Ֆեյսբուք” սոցիալական ցանցում բացված նոր խմբի անդամները պահանջում են վերանայել Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները:
Ըստ օգտատերերի, Հանրապետական ստադիոնում, որը տեղավորում է մոտ 15.000 հանդիսական, հավաքականի խաղերին տոմսերի գները սովորաբար լինում են 3000-8000 դրամ (3000, 5000 եւ 8000):
“Հրազդան” ստադիոնը տեղավորում է մոտ 55.000 հանդիսական` Հանրապետականից գրեթե 4 անգամ շատ, եւ ակնհայտ է, որ լեփ-լեցուն Հրազդան տեսնելու համար տոմսերը պետք է ավելի էժան լինեն, քան Հանրապետականում (նույնիսկ հաշվի առնելով, որ մրցակիցն Իտալիայի հավաքականն է):
Խմբի անդամները նաեւ բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: “Հարգելի պարոն նախագահ,
Հոկտեմբերի 12-ին կայանալիք ԱԱ 2014թ. ընտրական փուլի Հայաստան-Իտալիա կարեւորագույն խաղի տոմսերը հազարավոր ֆուտբոլասերների համար դարձել են անմատչելի: Մի քանի տարի առաջ, Հայաստան-Թուրքիա պատմական խաղն առաջացրեց մեծ իրարանցում, սպասվում էր, որ Հրազդանը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, սակայն մարզադաշտի տրիբունաները մնացին կիսադատարկ, քանի որ գները մատչելի չէին (5-ից 10 հազար դրամ):
Մտավախություն կա, որ Հրազդան մարզադաշտում կայանալիք առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կրկնվել Հայաստան-Թուրքիա խաղի պատմությունը, ինչի արդյունքում մեր ազգային հավաքականը կզրկվի հզոր աջակցությունից: ՀՖՖ նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանը բազմիցս նշել է, որ տոմսերի նման բարձր գինը պայմանավորված է միջազգային պարտավորվածություններով եւ չի կարող լինել ավելի մատչելի։ Սակայն հարեւան Վրաստանում, որի ֆուտբոլային ֆեդերացիան նույն միջազգային պարտավորվածությունների կրողն է, տնային հանդիպումների տոմսերի արժեքը ավելի էժան է, քան մեր մոտ:
Սույն նամակով խնդրում ենք Ձեզ ընդառաջել մեր պահանջին, այն է` հանձնարարել վերանայել մեր հավաքականի խաղերի տոմսերի գները եւ իջեցնել դրանք, որպեսզի հոկտեմբերի 12-ին բոլորս միասին լինենք մեր հավաքականի կողքին: Այս կարեւորագույն խաղին մեր ազգային հավաքականը ունի ՄԵԾ աջակցության կարիք:
Հարգանքներով` հայ երկրպագուներ”,-եզրափակվում է նամակը: