«Նման որոշում չի կայացվել»
«Ցանկացած պետության առաջնորդ միշտ ուրվագծում է այն թիրախները, որին պետական իշխանությունը պետք է ձգտի հասնել: Ես շատ ուրախ եմ, որ նախագահը նախանշեց այդ թիվը, վստահ եմ, որ դրա տակ նախանշված գործողություններ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խոսելով 2040 թվականին 4 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի վերաբերյալ հայտարարությունից:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ինքը այն ՀՀԿ-ականների մեջ է, ովքեր ցանկանում են, որ նախագահ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականին, ապա Ֆարմանյանն ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես ժողովրդավարական ճանապարհ բռնած պետություն, երբեւէ ունեցել կամ ունենալու է տեր-տիրակալ, բայց հանրապետության նախագահը, որպես ՀՀԿ ղեկավար, բնականաբար, ունի իր որոշումը կայացնելու իրավունքը, եւ երբ մենք, որպես իշխող կուսակցություն, հենվելով նախորդ ընտրական ցիկլում գրանցած արդյունքների վրա, կունենանք մեր որոշումը, այդ մասին, բնականաբար, կհայտարարենք: Հիմա որքան էլ լրատվամիջոցների կամ հասարակության հետաքրքրությունը այդ հարցի շուրջ բևեռացված է շատ է, նման որոշում չի կայացվել և չի հայտարարվում»:
Հարցին` Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան, Ֆարմանյանն ասաց, թե Սերժ Սարգսյանն իր անցած ճանապարհով եւ երկրին մատուցած ծառայություններով, իր կարողություններով վաստակել է բոլոր իրավունքները որոշում կայացնելու համար: