«Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, Հայաստանն էլ ուզում է փողոցները վերանվանել»
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը վստահ է ՝ հայ-ռուսական հարաբերությունները ազդում են լրատվամիջոցների վրա: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Օրինակ, փողոցները վերանվանելով՝ մենք ՌԴ-ին ինչ-որ վնաս չենք կարող հասցնել, բայց դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում երկկողմանի հարաբերություններում և դառնում այդ հարաբերությունների օրակարգի մի մասը: Բացի այս՝ մեդիայի վրա այս կամ այն կերպ ճնշումներ կարող են լինել, ավելի ճիշտ՝ լինելու են:
Պետք է ասեմ, որ ռուս-հայկական եթե ոչ մեդիապատերազմը, ապա փոխհրաձգությունը բավականին ինտենսիվ է դարձել վերջերս: Եվ դրա համար օգտագործվում են ոչ միայն բուն ռուսական կամ հայկական լրատվամիջոցները, այլ նաև Ռուսաստանի կողմից այլ երկրներում գործող ռուսական լրատվամիջոցները», – նշեց բանախոսը:
Վերջինս շեշտեց՝ ժամանակակից քաղաքականությունը մի տեսակ հիբրիդային բնույթ ունի և, բնականաբար, մեդիան չի կարող անմասն մնալ սրանից:
«Բայց, անկախ վերը նշվածից՝ ես պիտի ասեմ՝ հայ-ռուսական մեդիահարաբերությունները ցիվիլ մակարդակում են գտնվում: Հայաստանը Ռուսաստանի բացասական գործողությունների ասիմետրիկ պատասխաններ է տալիս: Այսինքն՝ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում, իսկ ՀՀ-ն ուզում է փողոց վերանվանել. սա ասիմետրիկ պատասխանի մարտավարություն է, որը տվյալ դեպքում չի կարող արդյունավետ լինել: Այդ քայլը կարող էր արդյունավետ լինել, եթե երկու երկրների հնարավորությունները հավասար լինեին: Մենք մեր ասիմետրիկ պատասխաններվով կարող ենք ինչպես դիմացինին, այպես էլ ինքներս մեզ վնաս հասցնել», – նշեց Բորիս Նավասարդյանը: