Բախում Սարգսյանի եւ Կարապետյանի համակարգերի միջեւ. ինչ է ասվել ՀՀԿ թիմին. Ժամանակ
– Օրերս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապագա վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ի կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին, մինչդեռ մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ականները նշում էին, որ վարչապետի փոփոխության հարց իրենց օրակարգում չկա: Ըստ Ձեզ՝ ինչ-որ բա՞ն է փոխվել:
– ՀՀԿ-ն այս պահին վարչապետի օրակարգ չունի: Այսինքն՝ թիմին հստակ չի տեղեկացվել այն մասին, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը գնում է վարչապետության: Եթե այդպիսի բան լիներ, նրանք բոլոր ուղղություններով կսկսեին խոսել այդ մասին: Ինչպես և հիմնական, կենտրոնական որոշումներում, Սարգսյանն այս դեպքում ևս գործում է մենակ և ինտրիգը պահում է մինչև վերջ: Հեռու չգնանք. խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո Սարգսյանը մինչև վերջին պահը ձգձգում էր նախընտրական ցուցակների հրապարակումը, հետո էլ՝ թե ով է, ի վերջո, անցնելու պառլամենտ, ով՝ ոչ: Ինչ վերաբերում է փոփոխությանը. երբ ՀՀԿ-ն ասում էր՝ վարչապետի փոփոխության հարց չկա, նկատի ուներ հետընտրական շրջանը՝ 2017 ապրիլից մինչև 2018 ապրիլ: Այդ ընթացքում Կարապետյանին փոխելու օրակարգ իսկապես չկա:
– Առհասարակ Սերժ Սարգսյանի գործողություններից ի՞նչ կարել է ենթադրել, արդյոք նրա գործողություններից կարելի՞ է ենթադրել, որ նա հեռացող պաշտոնյա է:
– Հեռացող պաշտոնյան Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը չէր փոխի, որպեսզի կարողանար ստեղծել գործիքներ՝ հետագայում էլ թիվ մեկ քաղաքական գործիչը մնալու համար: Եվ այն աղմուկն ու զարմանքը, որ հիմա կա Սարգսյանի վարչապետացման կամ վերարտադրման այլ հեռանկարի հետ կապված, ուշացած է, մանավանդ այն ուժերի կողմից, ովքեր այս նախագծի կազմավորման սկզբում՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ, որևէ կերպ չեն փորձել ազդել այս ամենի վրա: Այնպես որ, Սերժ Սարգսյանի մնալը նոր բան չէ, ու պետք չէ ամեն անգամ զարմանքով խոսել այդ մասին:
– «Ժառանգություն» կուսակցությունը նիստից հետո հայտարարել էր, որ կոնկրետ պրոցես կամ շարժում չի նախատեսվում՝ այդ ամենը հասարակական տրամադրություններից է կախված: «Ժառանգությունը» գործընթաց չի կազմակերպում, «Ելք»-ը կարծես թե փորձում է ցույց տալ, որ ներքին հարցեր չկան դաշինքում, թեև նշմարվում են գաղափարական տարբերություններ, օրակարգ թելադրողը շարունակում է իշխանությո՞ւնը մնալ:
– Օրակարգի մասով՝ այո, թելադրողն իշխանությունն է: Խոսքը քաղաքական գործընթացների մասին է: Ընդդիմությունը կարող է օրակարգ թելադրել միայն մեդիաոլորտում, ինչ-որ դիսկուրս գեներացնել ու վերջ: Եվ սա ունի օբյեկտիվ պատճառներ՝ Հայաստանի քաղաքական համակարգը, տնտեսության կառուցվածքն ու ռեսուրսների բաժանումն այնպիսին են, որ քաղաքական պրոցեսների մենաշնորհը իշխանական խմբերի ձեռքում է: Ընդդիմությունն ավելի շատ ընդդիմախոսի ֆունկցիաներ է կրում և ավելի շատ արձագանքողի ու քննադատողի դերում է: Անկախ այս կամ այն ընդդիմադիր ուժի հանդեպ մեր վերաբերմունքից՝ համակարգն, ըստ սահմանման, այնպիսին է, որ բացի խոսքից՝ այլ լծակ ընդդիմությունը չունի:
Քաղաքական պրոցեսներին ընդդիմության մասնակցությունը արտահայտվում է ներիշխանական տարբեր խմբերի հակադրություններին այս կամ այն կերպ մասնակցելով: Ընդդիմադիրները առաջին անգամը չէ, որ ուղղակի ու անուղղակի ակնարկներ են արել վարչապետ Կարապետյանին ՝ փորձելով նրա ու Սարգսյանի հակադրությունը սրել ու տեղավորվել այդ հակադրության կողմերից մեկի ճամբարում: Մենք այս սցենարը տեսել ենք մի քանի տարի առաջ:
– Հնարավո՞ր է՝ դիմակայությունը տեղափոխվի ներիշխանական դաշտ:
– Դիմակայությունը միշտ իշխանական դաշտի ներսում է: Բացառությամբ 2008-2011 թթ., երբ Տեր-Պետրոսյանը ուժի բալանսը տեղափոխեց փողոց: Բայց դրանից հետո ևս մենք տեսանք, թե ինչպես ՀԱԿ-ը դարձավ ներիշխանական հակադրության մաս: Խոսքը բուրժուադեմոկրատական հեղափոխություն կոչվող նախագծի մասին է: Հիմա ևս նույն սցենարն է. կա շահերի բախում Սարգսյանի և Կարապետյանի ու նրանց ներկայացրած համակարգերի միջև: Ընդդիմությունը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, չունենալով սեփական օրակարգ իրացնելու հնարավորություն, քաղաքական պրոցեսներին կարող է մասնակցել միայն այս ներիշխանական կոնֆլիկտներին խառնվելով: Բայց միշտ չէ, որ նրանց «օգնությունն» ընդունվում է, որովհետև ներիշխանական բախումների մասին պատկերացումը սխալ է: Երբ ասում ենք՝ Կարապետյան-Սարգսյան հակադրություն, նկատի չունենք, թե սկսելու են իրար դեմ բացահայտ քարոզչական կամ քաղաքական արշավանք: Ժամանակին լարված էին Սարգսյան-Ծառուկյան հարաբերությունները, և այդ լարվածության հանգուցալուծումը մենք ընդամենը մեկ օր տեսանք, մեկ դրվագով: Նույնը հիմա՝ վերնախավի ներքին կոնֆլիկտները միշտ էլ եղել են, բայց խմբերին հաջողվել է պայմանավորվել դրանց շուրջ ու դրանք ներքին սահմաններից դուրս չհանել: