«Չգիտեմ, թե ովքեր են ընդդիմադիրները». Փոստանջյանն անցնում է իշխանության տապալելուն (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կուսակցության գաղափարախոսությունը: «Երկիր Ծիրանին» դատապարտում է քաղաքական և տնտեսական մենաշնորհը, Հայ առաքելական եկեղեցու քաղաքական և տնտեսական իրավունք-մենաշնորհը, երևանյան գվառապետությունը, առաջինից մինչև վերջին բոլշևիկին, հայրենիքը վաճառողներին, փոխանակողներին, հանձնողներին և այլն: Հարցին, թե ինչ խնդիր կա եկեղեցու հետ, որն է եկեղեցու սխալը, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Արտոնություններ միայն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին պետք է տրամադրվեն, դաշտը պետք է լինի հավասար: Հասկանալով, որ խնդիրներ ունենք եկեղեցաշինության ոլորտում՝ այսքան անհրաժեշտությունը, չեմ կարծում, որ կա, որ մեր բարերարներն իրենց ներդրումները բավարարեն այդ ոլորտներում, մենք պետք է փոխենք նաև մեր քաղաքականությունը»:
Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ ընդդիմադիր դաշտում չունեն գործընկերներ: «Չգիտեմ, թե ովքեր են ընդդիմադիրները, մենք ունենք օրակարգ ու մեր օրկարգով ենք առաջնորդվելու»: Հարցին, թե ինչպես են տապալելու իշխանությունը, նա արձագանքեց. «Առաջին հերթին մենք չունենք ազգային իշխանություններ, այս գործող իշխանությունը կապ չունի հայ ազգի ու նրա շահերի հետ, մենք նրանից ոչ մի բան չենք ակնկալում:
Մեր գործունեությունը պիտի լինի տապալել, թե ինչպես, շուտով այդ մասին տեղեկացված կլինեք, դա պիտի լինի հանրայինլսարանի առջև ուղիղ եթերներով: Մեր հիմնական խնդիրն է ձևավորել ընտրանի, որը կկազմակերպի ժամանակավոր Կառավարության»:
Henaran.am-ի հարցին, թե առաջին քայլով Կառավարության հրաժարական են այսինքն պահանջելու, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Մեր նպատակն է տապալել այս գործող իշխանությունը, բոլոր մարմինները միասին, չունենք նաև դատական համակարգ»: