ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունեց որոշում՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ
Սեպտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինը՝ Նախարարների կոմիտեն, ընդունեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ որոշում, որը հիմնված է ԵԽ քարտուղարության կողմից պատրաստված համանուն զեկույցի վրա:
Գործողությունների ծրագիրն առաջարկվող բարեփոխումների փաթեթ է՝ միտված Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և տեղական ժողովրդավարության ոլորտների շարունակական խթանմանը:
Վերոնշյալ որոշմամբ Նախարարների կոմիտեն ողջունում է գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված առաջընթացը՝ խրախուսելով դրա բաղադրիչները լիարժեք ավարտին հասցնելը: Կոմիտեն գնահատանք է հայտնում գործողությունների ծրագրի ֆինանսավորման համար Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրների և Եվրոպական միության կատարած ներդրումների կապակցությամբ՝ կարևորելով ծրագրի ֆինանսական համալրումը, ինչը նպաստելու է նախանշված ոլորտներում բարեփոխումների վերջնականացմանը։
Զեկույցի քննարկման ընթացքում դրական գնահատականներ հնչեցին Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների կողմից: Մասնավորապես շեշտվեց վերջին տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած առաջընթացը, ինչը որակվեց օրինակելի։ Կոչ արվեց շարունակել ԵԽ հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը՝ առկա դրական դինամիկան պահպանելու նպատակով։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը գոհունակությամբ նշեց, որ գործողությունների ծրագիրը շարունակում է նշանակալի առաջընթացով իրագործվել ամրագրված գերակա ուղղություններով, ներառյալ` արդարադատության, կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի, տեղական ժողովրդավարության ոլորտներում: Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ զեկույցում տրվող գնահատականները հանդիսանում են ծրագրի իրականացումը բարեհաջող ավարտին հասցնելու ՀՀ իշխանությունների վճռականության դրսևորումը, ինչպես նաև ԵԽ հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը պահպանելու հստակ կամքը:
Տեղեկանք. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ. մայիսի 21-ին Երևանում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի կողմից։
Հայաստան-ԵԽ 2015-2018թթ․գործողությունների ծրագրի առաջընթացի զեկույցում դրական է գնահատվում դրանում ամրագրված՝ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական կառավարման ուղղություններով արձանագրված արդյունքները։