Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին 36 ժամյա վերջնագիր է ներկայացրել, որ եթե շարժումը չդադարեցնի հրթիռային հարձակումները երկրի վրա եւ Գազայի տարածքին զենք մատակարարելը, ապա իսրայելական զինված ուժերն էլ ավելի կամրապնդեն իրենց դիրքերը, տեղեկացնում է “Arutz Sheva” պորտալը:
Վերջնագիրը ներկայացրել է Իսրայելի ֆինանսների նախարարը` նշելով, որ այն ՀԱՄԱՍ-ին է փոխանցվել Եգիպտոսի միջնորդությամբ: Նախարարի խոսքով` հրեական պետությունը կարեւոր փուլում է` կամ խաղաղություն կլինի կամ լրջորեն կընդարձակվեն ռազմական գործողությունները: 2-րդ դեպքում հնարավոր է, որ “հարցը ամբողջությամբ ռազմական ճանապարհով լուծվի”:
Նաեւ հայտնի է դարձել, որ Իսրայելը, անվտանգություն ապահովելու նպատակով, փոխել է ինքնաթիռների թռիչքների ուղղությունը` Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայան:
Իսրայելական ռազմական գործողությունն սկսվեց նոյեմբերի 14-ին` ի պատասխան պաղեստինյան կողմի հրթիռային հարվածին: Նոյեմբերի 19-ի դրությամբ` զոհվել է արդեն ավելի քան 80 պաղեստինցի, իսրայելական կողմի կորուստները 3-ն են: