25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վազգենը որոշել էր ինքնասպան լինել . Արցախյան վկայություններ

Վկայության այս ոսկին ինձ պատմեց Խաչիկ Սարգսյանը: Ասաց` Ռուբեն Գեւորգյանի «Դատապարտված դափնիներ» գրքում է կարդացել: Խնդրեցի` գիրքը բերեց: Բնականաբար, վկայությունն իր բնականությամբ` հոգեւոր էր, եւ մենք, ըստ Աստվածաշնչյան ըմբռնման, այդ բնականությամբ մեջ էլ ներկայացնում ենք: Վկայությունը Վազգեն Սարգսյանն ինքն էր պատմել Ռուբենին.

«… 1992թվականի…օգոստոսի ութին ընկավ Արծվաշենը: Նա ընկավ եւ առօրյա մամուլն ու կուսակցական բամբասասերները հարձակվեցին Վազգենի վրա…» գրում է Գեւորգյանը:

Թշնամու ուժերը խիստ գերակշիռ էին: Ոչ ոք հաշվի չառավ, չգնահատեց, որ Վազգենն այդ իմանալով, ժամանակին «Հասցրեց դուրս բերել խաղաղ բնակչությանը, փրկել անողորմ կոտորածից եւ գերության նվաստացումից»: Նույնիսկ բամբասում էին թե` Արծվաշենը վաճառեցին թուրքին… Վիրավորանքը ծանր էր, անտանելի…: Վազգենը փակվել էր իր տան սենյակում, առջեւը դրել նահատակված ընկերների լուսանկարները եւ… ատրճանակը:

Հասարակության առաջ «Միթե՞ միայն զոհվելով են արդարանում…»: Բանն այն է, որ եթե ինքն Արծվաշենում ընկներ, չէին էլ բամբասի: Բայց եթե ընկներ, ապա ո՞վ պիտի խաղաղ բնակչությանը փրկեր կոտորածից ու գերության նվաստացումից: ՈՒրեմն, երիցս Փառք Աստծո, որ չէր ընկել: Արծվաշենի բնակչության կյանքը փրկելու մեջ էլ հաղթանակ կար, որ ոչ միայն չեն արժեքավորում, այլ շարունակ պնդում են թե` Արծվաշենը ծախեցին: Ինքը՞, Վազգե՞նը թուրքին որեւէ բա՞ն զիջի, զարհուրելի է անգամ մտածելը: Իսկ ահա… չարախնդում են…: Դե, ուրեմն. եթե Արծվաշենի պարտության դիմաց իր ընկնելն է արդարցման բանալին. թող այդ չարախոսությունների առաջն առնողն իր մահը լինի…

Եվ երբ անտանելիորեն վիրավորված Զորավարը ատրճանակը դնում է քունքին, որովհետեւ հասարակության առաջ, այնուամենայնիվ, խոստացել էր թե` Արծվաշենը կպահի: Իսկ ինքն արծիվ տեսակ է, իր խոսքին տեր: Հավատում էին: Չի՞ կարողացել` կյանքն է դնում: Էլ բողոքավորներ չեն լինի: Ստացվում է, որ իր արյամբ է պարտության արդարացումը… ա՞յդ են ուզում, խնդրեմ…

Բայց Աստված չկամեցավ, որ իր սիրելիներից մեկն ինքնասպան լինի: Եվ վկայությունն այն մասին է, թե Աստված ինչպես կանխեց զորավոր իր արծիվներից մեկին, որն ահա ինքնասպան լինելու որոշում էր ընդունել…

Հիսուս երեխաների մասին ասում է. «Ուշադի՛ր եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհե՛ք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր, որ երկնքում է. որովհետև մարդու Որդին եկավ փրկելու կորածը»: Մատթէոսի Ավետարան:

Եվ Աստված Զորավարի մոտ է ուղարկում երեխայի, որին Վազգենը չէր կարող ընդդիմանալ. երեխայի հրեշտակն ահա Աստծուց հրաման առնելով երեխային առաջնորդում է Զորավարի մոտ:  Եվ իզուր չէ Ռուբենը խոստովանում է թե` այս վկայությունը գրի առնելիս. «Գրիչս դողում էր»: Ճշմարիտ. ինքս էլ կարդալով` նույն սրբազան դողն ունեցա:

«Դռան բռնակը ինչ որ մեկը չխչխկացնում էր: Ասես արթնացած` նա նորից սեղանին դրեց կրակելու պատրաստ ատրճանակը: Հետո լսվեց դռանը խփվող թույլ քացիների ձայն: Եղբոր որդին էր, նրա փոքրիկ տղան, ում ինքը շատ էր սիրում: «Հոպա՚ր, կանչում էր, հոպա՚ր»: Նա ասես ցնցվեց երեխայի ձայնից, մի երկար ժամանակի չափ թվաց այնքանը, երբ դարակը դրեց ատրճանակը եւ մոտենալով դռանը` բացեց ու գրկեց տղային: Աչքերից արցունքի երկու խոշոր կաթիլ էին գլորվում այտերի վրա:

Տղան ասաց. -Էս ումի՞ց ես վախենում, որ դուռդ փակել ես, հոպա՚ր: Նա տղային լուռ տարավ սեղանի մոտ, կանգնեցրեց սեղանին ու նրա դեմքն առնելով ափերի մեջ` փորձեց խոսել: Բայց երեխան չէր հանդարտվում.

Բա էդ ի՞նչ արցունք է, հոպա՚ր, ասաց ու փոքրիկ մատը տարավ զորավարի այտից գլորվող արցունքին: Զորավարը համբուրեց տղային, համբուրեց ու խեղդվում էր հուզմունքից:

-Ուրախության լաց է, տղա՚ս, հաղթանակի լաց է, որովհետեւ դո՚ւ հաղթեցիր…
…Ի վերջո, մտածեց զորավարը. «Միայն Արծվաշենով չի որոշվում իր եւ ոչ էլ ազատագրական պայքարի ճակատագիրը»:

Իսկ այս վկայությունն ավարտենք մեր Տիրոջ խոսքով. «Եվ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մեջ և նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. «Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»: Մարկոսի Ավետարան: Զորավարը մանկան միջոցով ճանաչեց ու վստահեց Աստծո կամքին: Օրհնյա՜լ է Աստված:

Հատված  «Արցախյան վկայություններ» գրքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ