“Արմավիա”-ի չվերթները այսօր կայացել են

“Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության չվերթները “Զվարթնոց” /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/ օդանավակայանից այսօր կայացել են եւ որեւէ խնդիր չի ծագել:
Այս մասին Henaran.am-ին փոխանցեց “Արմավիա”-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին “Զվարթնոցը” պարտքերի կուտակումների եւ պայմանագրով նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել էր “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը: “Արմավիա”-ից հայտարարել էին, որ գումարը փոխանցվել է, պարզապես ոչ աշխատանքային օրերի պատճառով այն մի փոքր ուշացումով է տեղ հասել:
Ավելի ուշ “Զվարթնոցը” հայտարարել էր, որ ուղեւորների շահերից ելնելով ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ժամանակավորապես վերականգնում է “Արմավիա”-ի չվերթների սպասարկումը: Օդանավակայանը ուղեւորափոխադրող ընկերությանը մինչեւ այսօր` սեպտեմբերի 24-ը ժամանակ էր տվել:
Հավելենք, որ Henaran.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը “Արմավիա” –ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մեկնաբանել էր` նշելով, թե “Զվարթնոցը” առիթ է փնտրում նախկին, ավելի թանկ սակագներին վերադառնալու համար: