28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Փորձելու ենք ասպարեզում ճանապարհ հարթել փոքրիկ դհոլահարների համար»

Նախորդիվ առիթ ունեցել ենք զրուցելու դհոլահար Վահագն Թորոսյանի հետ։ Վերջինս դեռ ամիսներ առաջ ընդգծել էր՝ ինքը և դհոլահար Լևոն Հարությունյանը մտադիր են դհոլի ստուդիա բացել մայրաքաղաքում։ Այսօր արդեն «Վահագն-Լևոն» դհոլի ստուդիան իր դռներն է բացել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ դհոլահար։
Նշենք՝ և՛ Լևոն Հարությունյանը, և՛ Վահագն Թորոսյանը մանկավարժական աշխատանքի փորձ ունեն։ Լևոն Հարությունյանը նախկինում դասավանդել է Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, իսկ Վահագն Թորոսյանն այժմ դասավանդում է Էջմիածին քաղաքում՝    «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը:

«Գրեթե մեկ տարի առաջ ընկերոջս՝ Լևոն Հարությունյանի հետ որոշեցինք՝ պետք է դհոլի ստուդիա բացենք Երևանում։ Մեր ցանկությունն այսօր արդեն իրագործվել է։ Ստուդիան դեռ նոր-նոր ենք բացել, բայց ուրախությամբ կարող եմ նշել, որ մենք արդեն նոր սաներ ունենք և նրանք մեծ ոգևորությամբ հաճախում են դասերին և պարտաճանաչ կատարում իրենց տրված հանձնարարությունները։ Սիրով պատրաստ ենք ընդունել նոր սաների և մեր գիտելիքները փոխանցել նանց։

Այս պահին դհոլի խումբ ունեմ նաև Էջմիածին քաղաքում, բայց, բնականաբար, ինչպես ասում են, մեկը մյուսին չի խանգարում։ Երեխաների հետ աշխատելը, իմ փորձը նրանց փոխանցելն ինձ մեծ բավականություն է պատճառում և ես սիրով աշխատում եմ և՛ Էջմիածին քաղաքում գտնվող ստուդիայում, և՛ մեր նորաբաց «Վահագն-Լևոն» դհոլի ստուդիայում», – մեր թղթակցի հետ զրույցում նշեց դհոլահար Վահագն Թորոսյանը։

Վդերջինս ընդգծեց՝ ջանալու են իրենց սաներին ոչ միայն իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները փոխանցել, այլև ինչպես նաև նրանց համար ճանապարհ հարթել ասպարեզում՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով մասնակցել բազմաթիվ մրցույթների, համերգների։

«Բոլորովին վերջերս ես իմ սաներին Վրաստան էի տարել․ այնտեղ նրանք միջազգային փառատոնի մասնակցեցին։ Հավատացե՛ք՝ ամեն անգամ ինչ-որ փառատոնի, համերգի կամ մրցույթի մասնակցելուց հետո երեխաներն է՛լ ավելի մեծ եռանդով են սկսում աշխատել, ավելի շատ են պարապում, ուզում են ավելին սովորել, կատարելագործվել, դրա համար ես և Լևոնը որոշել ենք՝ մեր սաներն անպայման մասնակցելու են համերգների ու մրցույթների։ Մեզ հաճախ այսպիսի միջոցառումների կազմակերպիչները հրավիրում են․ բնականաբար, առիթը բաց չենք թողնելու և ջանալու ենք անել այնպես, որ մեր սաները անմասն չմնան նման միջոցառումներից․ փորձելու ենք այս ասպարեզում ճանապարհ հարթել փոքրիկ դհոլահարների համար», – նշեց Վահագն Թորոսյանը։

Խոսելով մանկավարժական աշխատանքի դժվարություններից՝ Լևոն Հարությունյանն ընդգծեց՝ իհարկե, երեխաների հետ աշխատելը հեշտ չէ, բայց, միևնույն ժամանակ, հաճելի է և պարտավորեցնող։

«Երեխայի հետ աշխատելիս շատ պետք է լինել ընկերական, ջերմ, մտերիմ, բայց, միևնույն ժամանակ, խիստ, որպեսզի նա կատարի իրեն տրված հանձնարարությունները, ուշադրի լինի դասերի ընթացքում։ Պետք է այս ամենի մեջ գտնել այսպես ասած՝ ոսկե միջինը, որ երեխան զգա՝ ուսուցիչն իրեն սիրում է, հոգատար, ուշադիր է իր նկատմամբ, բայց նաև պահանջկոտ։ Մենք հիմնականում տղաների հետ ենք աշխատում․ դհոլահարներն, ինչպես հայտնի է, սովորաբար տղաներ են լինում, և այնպես է ստացվել, որ մենք կարծես նրանց ավագ ընկերները լինենք։ Երբեմն մեզանից խորհուրդ են հարցնում․ փորձում ենք երեխաներին աջակցել բոլոր հարցերում։ Այդուամենայնիվ, պետք է ընդգծեմ՝ ես ունեցել եմ նաև աղջիկ աշակերտուհիներ, այնպես որ՝ եթե կլինեն աղջիկներ, ովքեր կցանկանան դհոլ նվագել սովորել, մեր ստուդիան սիրով կընդունի նաև նրանց և մենք կփորձենք կոտրել այդ կարծրատիպը․ ասում են՝ դհոլը այսպես ասած՝ կոպիտ գործիք է, բայց ես այնքան էլ համաձայն չեմ։ Կան աղջիկներ, ովքեր կարող են հիանալի դհոլահարներ դառնալ․  երաժշտարվեստում, ինչպես նաև արվեստի մյուս բոլոր ճյուղերում արվեստագետի համար գլխավոր կռվանը տաղանդն է։ Եթե մարդն ունի տաղանդ, ապա նրա հետ աշխատելը հեշտ է և հաճելի, քանի որ մեզ մնում է նրան ուղղություն ցույց տալ, հղկել ու նրա առաջ բացել որոշ մասնագիտական գաղտնիքներ։ Այդուամենայնիվ, պետք է շեշտել՝ մենք ուշադրություն ենք դարձնում նաև  այն աշակերտներին, ովքեր համեմատաբար ավելի թույլ են՝ փորձելով անել այնպես, որ մեր բոլոր սաներն էլ իրենց զգան ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր դասընթացից հետո  նոր բաներ սովորած ՝ տուն վերադառնան», –  եզրափակեց Լևոն Հարությունյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ