Կոռուպցիոն պատմություններով այլ հիմնարկներ են զբաղվում. ՊՆ

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ այսօր ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, խորհրդի քարտուղար` Օնիկ Մինասյանը:
Վիգեն Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց վարժարանի կարգախոսը` «Ճանապարհ դեպի բարձունք»:
«Ավագ դպրոցն աշակերտների համար կդառնա տուն, որտեղ նրանք երեք տարիների ընթացքում` 10, 11, 12 դասարանների ընթացքում կպատրաստվեն ռազմական կրթության լավագույն ակադեմիական ծրագրերով: Հույս ունենք, որ նրանց մեծ մասը կընտրի սպայական մասնագիտությունը որպես հիմնական մասնագիտություն»,-լրագրողներին ասաց նա:
Վերջինս հայտնել է, որ վարժարանը նախատեսված է տղաների համար, սակայն կանանց մեջ մեծ հետաքրքրություն կա դեպի զինվորական մասնագիտությունը:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակմանը, թե Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից կոռուպցիոն պատմությունների մեջ խառնված լինելու պատճառով, նախարարն ասաց. «Կոռուպցիոն պատմություններով այլ հիմնարկներ են զբաղվում, մենք զբաղվում ենք մեր աշխատանքի կազմակերպմամբ: Ես կայացրել եմ որոշում, որը գտնում եմ, որ նպատակահարմար է մեր արդյունավետության բարձրացման տեսակետից: Կամավոր Խաչատրյանը երկար տարիների ծառայության վաստակ ունի եւ նա դիմում է ներկայացրել ավելի ցածր պաշտոնի նշանակվելու եւ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ես այդ դիմումը բավարարել եմ»: