Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը, Նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռևս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման և հստակեցման կարիք ունեն: Հանրապետության Նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որևէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում:
Օրակարգի վերոնշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները և օրինագծերի կարգավորման նպատակը:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:
Պաշտպանության նախարարը խորհրդի նիստում ներկայացրել է նաև կառավարությունում և Ազգային ժողովում հիշյալ օրինագծերի քննարկումների ժամանակացույցը, ըստ որի շահագրգիռ բոլոր նախարարություններից արդեն ստացված եզրակացությունների հիման վրա մշակված նախագծերի քննարկումները կմեկնարկեն օգոստոսի 31-ին կառավարության նիստում: