28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Վարչապետի հանձնարարականը հստակ է, և պետք է անվերապահորեն կատարել». Լևոն Ալթունյան

Ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի  հանդիպումները մարզերի առողջապահության կազմակերպիչների հետ։ 

Լոռու մարզի ներկայացուցիչների հետ քննարկված հարցերը  նույնպես բխել են Հայաստանի Հանրապետության վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականներից։

Ներկայացնելով մարզի  առողջապահության համակարգում արձանագրված ցուցանիշները` մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը կարևորել է բժշկական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերը։ Նշել է, որ Ալավերդու և  Սպիտակի բժշկական կենտրոններում վճարովի ծառայությունների աճ է արձանագրվում։

Նաև ընդգծվել է, որ բոլոր ԲԿ-ների թերապևտիկ բաժանմունքները հիմնականում գերծանրաբեռնվում են հաշմանդամության կարգավիճակի առնչությամբ փորձաքննության համար: ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ-ի պետի տեղակալ Գարուշ Այվազյանը տեղում մեկնաբանել է, որ այդ նպատակով պարտադիր չէ, որ հիվանդը ստացիոնարում պառկի։ Նաև տեղեկացրել է, որ գործընթացը կանոնակարգող օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում:

Վանաձորի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու բժշկական կենտրոնների, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի  տնօրեններն առավել հանգամանալից ներկայացրել են իրենց կողմից իրականացվող քայլերը, դրանցից ակնկալվող արդյունքները, անդրադարձել առկա խնդիրներին։

Կարծիք է հայտնվել, որ կեսարյան հատումների և ծնունդների գների հավասարեցման դեպքում կեսարյան հատումների ցուցանիշը կնվազի: Նաև առողջության պահպանման առաջնային օղակում նեղ մասնագիտական բնորոշումներում որոշակի տարանջատումներ կատարելու առաջարկ է արվել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում շրջանառվող ստվերային միջոցները սպիտակ դաշտ բերելու և դրանից ավելի մեծ տոկոսներ բժիշկներին հատկացնելու,  էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը համահունչ  ընթանալու հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև բժիշկների վերամասնագիտացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, բուժանձնակազմերը երիտասարդներով համալրելուն վերաբերող և այլ հարցերին։

Լևոն Ալթունյանը նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է առողջապահության կազմակերպիչների հետ կայացած հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերի կապակցությամբ գրավոր պարզաբանումներն  ուղարկել բոլոր մարզեր, որպեսզի ամենօրյա աշխատանքի ընթացքում հեշտությամբ կողմնորոշվեն։     

Նախարարը բոլոր մարզերի առողջապահության կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել է ոլորտում շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելու խնդրի վրա։

«Վարչապետի հանձնարարականը հստակ է, և պետք է անվերապահորեն կատարել։ Եթե այն իրականացնելու ընթացքում որոշակի կանոնակարգումների անհրաժեշտություն առաջանա, մենք պատրաստ ենք արագ արձագանքելու»,-ասել է Լևոն Ալթունյանը։ Նշելով, որ հանդիպումները շարունակական են լինելու` նա հորդորել է հանդես գալ դրանք առավել արդյունավետ դարձնելու   առաջարկներով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ