«Նախագահին էլ քննադատում էին, այսօր հասկանում են՝ դիվանագիտություն էր»
««Ելք» դաշինքը կոնկրետ խնդիրների լուծումներ է տվել, սա մեր բարձրացրած բազում հարցերից մեկն է, չեմ կարծում, որ սա պիտի մի կողմ դնենք, պիտի բոլո գործերը միաժամանակ արվեն»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը՝ խոսելով «Ելքի» նախաձեռնության մասին՝ վերանվանել մի քանի փողոցների անունները: Խոսքը այն անձանց մասին է, ովքեր, ըստ «Ելքի», առաջին հանրապետության ժամանակ հակապետական ու ապազգային գործունեություն են ծավալել: Նրանցից են օրինակ Անաստաս Միկոյան, Կասյանը, Խանջյանը և այլք:
Տիգրան Ավինյանն ասաց, որ օրինակ Վազգեն առաջինն արժանի է, որ իր անունով փողոց լինի, բայց նման փողոց չկա:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ նկատեց, որ կա մի զանգված, որ կոմունիստական ժամանակները դրական է գնահատում, և նման նախաձեռնությունը չի կարող ընդունելի լինել: «Ես համաձայն չեմ, որ կոմունիստական ժամանակաշրջանը բացասական է եղել մեր ազգի համար, չի կարելի բոլորին համարել ապազգային: Գաղափարախոսություն է եղել, այդ մարդիկ գաղափարին են նվիրված եղել»,-կարծում է նախկին պատգամավորը:
Դիտարկմանը, թե այս նախաձեռնությունն այդքան էլ կարևոր չէ այս պահին այն դեպքում, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ դա ծիծաղելի է. «Եթե Երևանում 9000 ստորագորություն է հավաքվում, որպեսզի Լենինգրադյանը փոխվի Ազգալդյանի անունով, նշանակում է, որ սա հետաքրքիր է, այս թեման անընդհատ քննարկվում է բոլորի կողմից»:
Լեռնիկ Ալեքսանյանն էլ, խոսելով «Ելքի» բնորոշմամբ ապազգային դեմքերի մասին, ասաց. «Նախագահին էլ քննադատում էին Եվրասիական միության համար, բայց այսօր հասկանում ենք, որ դա դիվանագիտություն էր, հիմք էր այսօր եվրոասոցացման համաձայնագրի համար:
Այսօր մեր ժողովուրդն առանց այն էլ շերտավորված է, մի հատ էլ շերտավորենք կոմունիստների, բան, պետք չէ, այսօր ունենք լուրջ տարածաշրջանային խնդիրներ, դրանցով է պետք զբաղվել»,-եզրափակեց Ալեքսանյանը: