Մասիսում 2020 թվականն է. Հրապարակ
Գերատեսչությունների պաշտոնական կայքերում տիրող խառնաշփոթին մենք պարբերաբար անդրադառնում ենք: Հերթական խառնաշփոթին առնչվեցինք Մասիսի քաղաքապետարանի պաշտոնական կայք այցելելիս: Պարզվում է՝ Մասիսում ժամանակը երեք տարով առաջ է ընկել, և այժմ ոչ թե 2017, այլ 2020 թվականն է, այն էլ՝ դեկտեմբերի 31-ը:
Հենց այս թվագրությամբ է կայքում տեղադրվել մոտ մեկ տարի առաջ ընտրված համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ողջույնի խոսքը կայքի այցելուներին: Իսկ նրա կենսագրականը թվագրված է 2020 թվականի նոյեմբերի 20-ով:
Ավելին՝ համայնքապետի թե՛ ողջույնի խոսքը, թե՛ կենսագրությունը կարելի է գտնել կայքի «Նորություններ» բաժնում:
Կայքի պատասխանատուների համար, փաստորեն, նորություն է, որ Համբարձումյանը (ով ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է՝ Թույների Մհերի որդին) Մասիսի քաղաքապետն է, ով, ի դեպ, պաշտոնն ստանձնել է անցյալ տարվա նոյեմբերին: