Թրամփը ցանկանում է փոխել «գրին քարտ» ստանալու կանոնները
Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց»:
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը.
«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող եւ մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»:
Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը եւ կսահմանափակի կրթություն եւ մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: Օրենքի համահեղինակ սենատոր Թոմ Քոթոնի խոսքով, Միացյալ Նահանգները ամեն տարի մեկ միլիոնից ավելի մարդկանց ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք է շնորհվում.
«Սակայն, յուրաքանչյուր 15 ներգաղթյալներից միայն մեկն է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատում իր գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների շնորհիվ»:
Արդյունքում, տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքը ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները:
Օրենքի մյուս համահեղինակ սենատոր Դեյվիդ Փերդյուն ընդգծում է, որ ներկայումս Միացյալ Նահանգներում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք ստացող ներգաղթյալների կեսից ավելին ներգաղթելուց անմիջապես հետո սկսում են ԱՄՆ-ից ստանալ անապահովների համար նախատեսված նպաստ: Փոխարենը նոր համակարգը Միացյալ նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված եւ հմուտ անձնավորություններին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում