Գերմանական վերջին ինքնաթիռը դուրս է բերվել Ինջիրլիք ռազմաբազայից

Գերմանիային պատկանող ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվել Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից:
Ըստ թուրքական «Birgün.net» լրատվական կայքի՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով «Tornado» տեսակի վերջին՝ հինգերորդ ռազմական ինքնաթիռի Գերմանիա հասնելու մասին:
Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված ինքնաթիռները մինչև հոկտեմբեր ամիս կմնան Գերմանիայում, այնուհետև կտեղափոխվեն Հորդանան: Այդ ժամանակահատվածում ավարտին կհասցվեն Հորդանանի Ալ-Ազրաք ռազմաբազայում ընթացող շինարարական աշխատանքներն ու այնտեղ կտեղափոխվեն ռազմական ինքնաթիռների սպասարկող անձնակազմն ու անհրաժեշտ տեխնիկան:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ձևավորված կոալիցիայի անդամ Գերմանիայի ռազմական ուժերը Թուրքիայում տեղակայվել էին 2015թ. դեկտեմբերի 10-ին:
Սակայն 2016թ. հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիքի իրենց զինվորականներին: Այս առթիվ ծագած կոնֆլիկտի համատեքստում Գերմանիան, ի վերջո, վճռեց Ադանայում գտնվող իր 260 զինվորականներին և ռազմական ինքնաթիռները տեղափոխել Հորդանան: