Կարեւոր իրադարձություն՝ հայ-իրանական հարաբերություններում

Հայ-իրանական հարաբերություններում վերջերս կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Իրանի խորհրդարանը վավերացրեց «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի սրահում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշեց, որ այդ համաձայնագիրը լուրջ հնարավորություններ է զբաղվել Հայաստանը Պարսծից ծոցը Սև ծովին կապող միջանցք դարձնելուն ուղղված քայլերով։
«Եթե Իրանը խոշոր նախագծեր ունենա Հայաստանում, ապա այն պատրաստ կլինի աջակցել երկրի անվտանգությանն` առաջին հերթին իր սեփական շահերից ելնելով»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էսհան Հուշմանդն էլ նշեց, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն հասարակական, մշակութային, քաղաքական և ռազմավարական բաղադրիչ եւ օր օրի ավելի են զարգանում։
«Երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը ազդել է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների քանակի ավելացման վրա»,- ասաց նա՝ նշելով, որ այդուամենայնիվ հարաբերություններում չօգտագործված ներուժ կա։
«Եթե Հայաստան-Իրան երկաթգծի ծրագիրը և իրանական գազի դեպի Եվրոպա տարանցման նախագիծն ավելի իրատեսական դառնա, երկկողմանի հարաբերութունները էլ ավելի կընդլայնվեն», – ասաց նա։
Հուշմանդը անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին ու նշեց, որ իրենք հույս ունեն, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի բացառապես խաղաղ և երկխոսության ճանապարհով։
«Տարածաշրջանի ժողովուրդների շահերից չի բխում, որ խնդրի կարգավորման համար ընտրվի ռազմական ճանապարհը: Վստահ ենք, որ տարածաշրջանային առաջնորդների խելացի քաղաքականության հետևանքով հակամարտության համար խաղաղ լուծում կգտնվի»,- ասաց նա։