23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Նավսված սարերի քամին”, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն

Անցած շաբաթ օրը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը պատրաստել էր Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգային ծրագիր, որը մեծ շուքով ներկայացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ ցուցադրվեց “Կենտրոն” հեռուստաալիքով:

Մեկ օր առաջ Հանրապետական կուսակցության` նույն վայրում անցկացրած նման միջոցառումը, ականատեսների կարծիքով, ԲՀԿ-ի կազմակերպածին ակնհայտորեն զիջում էր թե´ ճոխությամբ եւ թե´ հրավիրված ուսանողների ու հյուրերի թվաքանակով:

Թերեւս` այդ տարբերությունը ցցուն դարձնելու նպատակով Գագիկ Ծառուկյանի խնամուն պատկանող “Կենտրոնը” հաղորդման ողջ ընթացքում ստեպ-ստեպ ցույց էր տալիս բերնեբերան լցված հսկայական դահլիճը:

Մինչդեռ Հանրապետականի նախաձեռնած համերգը հեռարձակող “Հ1”-ը, ընդհակառակը, խուսափում էր տեսահանող սարքն ուղղել դահլիճի կողմը` չնայած բեմի վրա էլ առանձնապես ցուցադրելու բան չկար, եթե չհաշվենք Ձախ Հարութի կատարումները, այդ թվում` հայտնի “Սարերի քամի” երգը, որին վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ առանցքային տեղ էր հատկացված “Ժառանգության” նախընտրական տեսահոլովակում:

Խոշոր հաշվով` “Սարերի քամին” հաջողություն չբերեց “Ժառանգությանը”: Թեպետ կուսակցությունը նվազագույն կազմով, այնուամենայնիվ, մտավ հինգերորդ գումարման Ազգային ժողով, սակայն “Ազատ դեմոկրատների” հետ միավորումը, ինչպես հայտնի է, տխուր վախճան ունեցավ, իսկ նախորդ խմբակցության ուժեղ եւ “զտարյուն” պատգամավորական կազմը փաստորեն փոշիացվեց:

Այնպես որ, դեռ պարզ չէ, թե “նավսված” “Սարերի քամին” նախագահական ընտրություններից ուղիղ երեք ամիս առաջ ինչ ճակատագիր կպատրաստի ՀՀԿ-ի համար` չնայած նախախնամության գործոնը քաղաքականության մեջ, իսկապես ասած, անելիք չունի :

Համեմատության համար պետք է ասել, որ “Բարգավաճի” համերգային երեկույթը շատ ավելի հագեցած էր. սիրված հայ երգիչ-երգչուհիների հետ մեկտեղ ողջ հմայքով “փայլում” էին դրսից հրավիրված հանրաճանաչ աստղերը, որոնցից յուրաքանչյուրի հոնորարը, ինչ խոսք, խելքից դուրս թիվ է: Ամեն ինչից երեւում էր, որ Գագիկ Ծառուկյանը լայնորեն բացել էր դրամապանակը: Ասենք` իսկ երբ այդպես չէ. ԲՀԿ նախագահը երբեք ժլատություն չի անում, երբ հարցն իր անվանը, թասիբին ու արժանապատվությանն է վերաբերում:

Այլ է ՀՀԿ-ի պարագան, ինչի ամենախոսուն վկայությունը մայիսի 4-ին այդ կուսակցության եզրափակիչ համերգ-հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած ցավալի միջադեպն էր` էժանագին փուչիկների բռնկումը, որից տուժեցին շուրջ 200 երիտասարդներ:

Երկու առանցքային կուսակցությունների առանձին-առանձին կազմակերպած համերգները, որոնք առաջին հայացքից, կարծես թե, մշակութային միջոցառումներ են, լիովին կարելի է տեղավորել նախընտրական քարոզարշավի տրամաբանության շրջանակում: Եվ դա հասկանալի է.

Հայաստանում գրեթե ամեն ինչ շատ հեշտ քաղաքականացվում է, իսկ նախագահական ընտրություններից նախաշեմին` առավել եւս: Ուսանողության տոնը, որի խորհուրդը համերաշխությունն է, ըստ էության, դարձավ ընտրապայքարից առաջ հայաստանյան երկու քաղաքական հսկաների ներուժի, հնարավորությունների, մարդկային եւ նյութական ռեսուրսների ստուգատես:

Եվ այդ “ստուգատեսում” կողմերից յուրաքանչյուրը մյուսին ապացուցելու բան ուներ: Եթե ՀՀ նախագահի եւ խորհրդարանի խոսնակի ժամանակավոր բացակայության պայմաններում երկրի ղեկը մեկշաբաթյա ժամկետով ստանձնած վարչապետը առիթն օգտագործում է` վերահաստատելու համար, որ անկախ կառավարության հասցեին հաճախացած քննադատություններից, իր դիրքերը տակավին ամուր են, ապա ԲՀԿ-ն` պատվով դուրս գալով «ստուգատեսից», հասկացնում է, որ ինքն արժանի է այն տեղին ու դերին, ինչի հավակնում է:

Չի բացառվում նաեւ, որ Տ.Սարգսյանը` զանգվածային միջոցառում ձեռնարկելով եւ շուրջը հոծ բազմություն հավաքելով, հակադրվում է Գ.Ծառուկյանի` օրերս Գյումրի այցի ժամանակ կազմակերպված այն բազմամարդ հավաքին, որտեղ ԲՀԿ նախագահը խիստ քննադատության ենթարկեց կառավարության վարած սոցիալական քաղաքականությունը: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ ենթադրում են, որ հենց վարչապետին էր ուղղված Գյումրիում Ծառուկյանի ելույթի հետեւյալ միտքը.

“Մարդիկ 100 դոլար փող չեն ունեցել, մտել են քաղաքականության մեջ, այսօր 4-5 հատ տներ ունենալով, բիզնես ոլորտ, ազգուտակին տեղավորելով` մեծ-մեծ խոսում են պետությունից, պետականությունից”: Ինչեւիցե:

Ամեն դեպքում կարելի է ասել, որ Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգների միջոցով տեղի ունեցավ ՀՀԿ-ԲՀԿ առաջին նախընտրական վիրտուալ երկխոսությունը, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրն առայժմ փորձում էր դիմացինին եւ հանրությանը ցուցադրել սեփական դիրքերի ամրությունը:

Գեւորգ Լալայան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ