Բագրատյանն ուզում էր վարչապետին զրկել . Առավոտ
Կառավարությունը հոկտեմբերի 17- ին մերժել է Աժ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի’ ՛՛Բանկերի եւ բանկային գործունեության մասին՛՛ եւ ՛՛Արտարժույթի մասին՛՛ այս 2 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկը:
Պարոն Բագրատյանն առաջարկում էր եկող տարվանից Հայաստանում արգելել արտարժույթով վարկեր տրամադրել, սրանով, ըստ նախկին վարչապետի, տնտեսվարողները հավասար պայմաններում կլինեն, հայկական դրամի դիրքերը կամրապնդվեն, եւ միջազգային պահուստների խնայողություն կլինի:
Թեեւ կառավարությունը բավականին երկար ու մանրակրկիտ հիմնավորում է բերել, եւ աոաջին հայացքից գուցե այն համոզիչ է, սակայն ինքը’ պարոն Բագրատյանը, գտնում է, որ կառավարության մերժումն անտրամաբանական է եւ ընդամենը բառերի շարան:
Թերթի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք համամի՞տ է կառավարության մերժման հիմնավորման հետ, ՀՀ նախկին վարչապետն ասել է. ՛՛Մերժեց, որովհետեւ այս կառավարությունը կոչված է սպասարկելու միայն խոշոր բիզնեսմեններին: Այս երկրում նախարարներ, մարզպետներ, դեսպաններ եւ այլն նշանակում են միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, միայն օլիգարխներին: Որեւէ լուրջ հիմնավորում ինձ հայտնի չէ: Կառավարությունն ասում է, թե 2004 թվականից օրենք կա, բայց ես էլ դա եմ ուզում փոխել: Իսկ ընդհանրապես’ ես կարծում եմ, որ ինտելեկտի խնդիր կա: Կառավարությունը, որպես կանոն, հարուստ մարդկանց հավաքածու է: Նրանք փող ունեն, ինտելեկտ պետքբ չէ: Այս է պատճառը, որ պարզ, տրամաբանական, ազգօգուտ որեւէ օրինագիծ չի լինում անցկացնել՛՛:
Ի՞նչ էին տալու կառավարությանը ներկայացրած նախագծերը’ այս հարցին էլ պարոն Բագրատյանն ասել է՝ դա թեեւ փոքր, բայց շատ կարեւոր օգուտ կլիներ մարդկանց եւ հատկապես’ փոքր բիզնեսին: Հրանտ Բագրատյանի խոսբերով’ ՛՛Ներկայումս մենք ամեն ինչ գնում ենք դրամով, բայց վարկերը, չգիտես ինչու, գնում ենք դոլարով՝ ենթարկվելով տնտեսական կրկնակի ռիսկի Իմ օրենքն ընդունելու դեպքում արժութային ռիսկեր այլևս չէին լինի՛՛:
Ընդ որում ինչպես վստահեցրել է Բագրատյանը, առաջարկված նախագիծը ձեռնտու չէր ՀՀ վարչապետին և Կենտրոնական բանկին, որովհետև. ՛՛Եթե այդ օրենքն ընդունվեր, ապա վարչապետն ու ԿԲ-ն կզրկվեին կուրսի վրա ազդդելու լծակներից, իսկ դա փող է, շատ փող՛՛:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: