Աջապահյանը՝ Աշոտ Աղաբաբյանին /տեսանյութ/
Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:
Տոնի խորհրդով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ Թորոսգյուղում: Պատարագը մատուցվեց գյուղի մշակույթի տանը: Գյուղի եկեղեցին, որ կառուցվել է 1828 թվականին խորհրդային տարիներին դարձել է դպրոց, հետո բնակելի տուն: Տարիների ընթացքում քայքայվել է ու քանդվել է:
Միայն 2008 թվականին հայտնվել է բարերար, ով ցանկացել է վերականգնել եկեղեցին: բարերարը նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էր, ով արմատներով այս գյուղից է:
Հիմա էլ կարելի է տեսնել եկեղեցու հիմքերը ու ամրալարերը, որ սպասում են շինարարության շարունակության, նաև նախկին եկեղեցուց մնացած քարերը, որոնք պետք է օգտագործվեին եկեղեցու կառուցման ընթացքում: Բայց անցած տարվանից դադարեցվել է շինարարությունը: Բարերարի միջոցները չեն բավարարել, թեև թեմակալ առաջնորդին Աշոտ Աղաբաբյանը հավատացրել է, որ պատրաստ է շարունակել գյուղի եկեղեցու կառուցումն ու ավարտին հասնել այն:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը քարոզի ընթացքում անդրադարձավ այդ հարցին, ապա այպանեց թորոսգյուղցիներին, նշելով, որ եթե բարերարի միջոցները չեն բավարարում չի նշանակում, որ թորոսգյուղցին չպետք է շարունակի արված գործը: Միայն բարերարների հույսին չպետք է թողնել եկեղեցաշինությունը:
«Արդյոք դա նշանակում է, որ մենք ոչինչ չպետք է անենք, երբ, որ պատրաստ լինի միայն նոր վայելենք: Դա չի նշանակում, որ դուք ձեռքերդ ծալած պիտի նստեք ու սպասեք: Պետք է թոթափել սպասողական ու սպառողական վիճակը, անտարբերության բեռն ու լծվեք ի գործ ու շահագործման հանձնեք եկեղեցին մեկ օր առաջ, քան նշել է բարերաը: Որ մենք տեսնենք ու վկայենք, որ Թորոսգյուղը կառուցված է այն վեմի վրա որ է Քրիստոս, այն վեմի վրա, որ է հայ ժողովրդի դարավոր հավատ», -ամփոփեց իր քարոզչական խոսքը թեմի առաջնորդը:
Մանրամասները տեսնյութում: