Սա պատերազմի նախապատրաստություն չէ․ քաղաքագետ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էսկալացիան սպասելի էր: Սպասելի էր, որ ադրբեջանցիները պետք է կրակեին, և ամենևին առաջին անգամ չէ, որ այդ երկիրը վտանգում է խաղաղ բնակչությանը: Լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բանախոսի համոզմամբ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, որոշում է կայացրել ժամանակ առ ժամանակ նման գործողությունների դիմել: Միաժամանակ, այդ երկիրը չի համաձայնում միջադեպերի հետքննությանը, քանի որ միանգամից կպարզի, որ ինքն է նախահարձակ եղել:
«Բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ: Պատերազմի նախապատրաստությունն այսպես չի լինում: Երբ մարդիկ նախապատրաստվում են պատերազմի, լռություն են պահպանում, իսկ եթե նմանօրինակ միջադեպերը միայն ներքաղաքական սպառման համար են, ապա ամեն ինչ ճիշտ է արված: Սպանված երեխայի լուսանկարը ցուցադրելը շատ լավ է աշխատում»,- ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո կոնսոլիդացիա է՝ դիմակայելու արտաքին վտանգին:
Ինչ վերաբերում է հուլիսին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, ապա, Ակեքսանդր Իսկանդարյանի խոսքով, ի տարբերություն ժողովրդավար ԼՂՀ-ի՝ Ադրբեջանում շատ վաղուց ընտրություն չի կայանում, այնտեղ, ըստ էության, միապետություն է:
«Եթե Ալիևը հեռացվի իշխանությունից, դա կլինի կամ վախճանվելու կամ հասարակական պայթյունի արդյունքում»,- նշեց բանախոսը:
Քաղաքագետն անդրադարձավ G20-ի գագաթաժողովին՝ նշելով, որ գագաթաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի Սիրիական հարցին, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, հնարավոր է՝ արծարծվի նաև Արցախի հարցը, սակայն ակտիվ քննարկումներ այս թեմայով, հավանաբար չեն լինի: