27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայկական ժողովրդական երգերը պետք է անարատ պահել»

Երաժիշտ,  գործիքավորող Տարոն Ավետիսյանը մեծացել է երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը, եղբայրը, քույրը երաժիշտներ են:

«Եղբայրս ճանաչված դուդուկահար Տիգրան Ավետիսյանն է, հայրս՝ ճանաչված երգիչ, մանկավարժ  Սամվել Ավետիսյանը: Նա, ի դեպ, դասավանդում է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում:

Երաժշտական նախնական կրթություն ստացել եմ երաժշտական դպրոցում՝ ուսանելով դաշնամուրային բաժնում: Այնուհետև սովորել եմ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Բայց կարող եմ ասել, որ իմ երաժշտական բուռն գործունեությունն սկսվեց այն ժամանակ, երբ ես զորակոչվեցի բանակ:

Ծառայել եմ Արցախում՝ պաշտպանության բանակում՝ նախագահական նվագախմբում. տուբա էի նվագում: Հենց այդ ժամանակ մեր բուռն երաժշտական գործունեությունը սկսեցինք ես, եղբայրս և ջութակահար Անդրանիկ Արաբյանը: Միասին և՛ ծառայում էինք, և՛ մշակութային գործունեություն ծավալում: Բնականաբար, մասնակցում էինք բազմաթիվ համերգների: Հենց այդ ժամանակ էլ հղացավ այն գաղափարը, որ ստեղծենք ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթ:  Նամակով դիմեցի այն ժամանակ պաշտոնավարող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի մեր ծրագիրը իրականություն դառնա: Նախարարը չմերժեք առաջարկը. 2009-ին ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթը ստեղծվեց, իսկ 2010-ից այն սկսեց գործել: Այնուհետև, բնականաբար, ես ևս ներառվեցի ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթում՝ որպես հնչյունային օպերատոր՝ հենց իմ մասնագիտությամբ։ Վերոնշյալ համույթում աշխատեցի մինչև 2016 թվականը․ համարեցի, որ այդ փուլը ավարտվել է, հարկավոր է ինչ-որ նոր բան մտածել։ Պետք է շեշտեմ,   որ մինչև ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթում  աշխատելը՝ 2004 թվականից  աշխատում էի  «Սայաթ-Նովա» անսամբլում, այսինքն՝ ստացվում է՝ որոշակի ժամանակահատված  աշխատել եմ և՛  ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթում, և՛ «Սայաթ-Նովա» անսամբլում:  Տվյալ անսամբլում աշխատել եմ  2004-2016 թվականներին. այդ  տարիներն ինձ համար շատ օգտակար և ուսանելի են եղել:

Բայց 2016-ին   որոշեցի լրիվ փոխել ուղղությունս և հիմնեցի ձայնագրման ստուդիա» – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Տարոն Ավետիսյանը:

Երաժիշտ, գործիքավորող Տարոն Ավետիսյանը բազմաթիվ սիրված երգեր է գործիքավորել ու ձայնագրել։ Ասում է՝ իր մասնագիտության մեջ, իհարկե, բազմաթիվ բարդություններ կան, բայց երբ սիրում ես աշխատանքը, ամեն ինչ ավելի դյուրին է թվում։ Տարիների փորձը իր արդյունքն է տվել․ Տարոն Ավետիսյանի օգնությանն են դիմում բոլոր այն երգիչները, ովքեր ցանկանում են, որ կարճ ժամանակահատվածում երգը գործիքավորվի ու ձայնագրվի։ Իր գործունեության ընթացքում Տարոն Ավետիսյանը համագործակցել է Թովմաս Պողոսյանի, հայրենասիրական երգերի վարպետ Սահակ Սահակյանի, Լուսինե Նազարյանի, Ներսիկ Իսպիրյանի, աշուղ Նազելու, Արսեն Գրիգորյանի (Ասո),Մխիթար Քեթցյանի, Գուսան Հայկազունի,  «Արահետ» երգչախմբի  հետ (գեղ. ղեկավար՝ Տատյանա Մինասյան),   «Արեւներ» մանկապատանեկան համույթի հետ  (գեղարվեստական ղեկավար՝ երջանկահիշատակ  Արմեն Դիվանյան), «Բերդ» պարային անսամբլի  և այլ խմբերի ու անհատների հետ:

Վերջինս համագործակցել է նաև «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցների հետ։ Տարոն Ավետիսյանը հիմնականում աշխատում է ժողովրդական երգիչների հետ, բայց, դա, իհարկե,  կանոն չէ․ երաժիշտը աշխատում է բոլոր նրանց հետ, ովքեր դիմում են իրեն, ունեն տաղանդ և պոտենցիալ։

«Ստեղծագործական աշխատանքում ժամանակ հասկացությունը, իսկապես, հարաբերական նշանակություն ունի, բայց տարիների ընթացքում փորձ եմ ձեռք բերել և կարողանում ենք երգչի հետ միասին 10-15 օրում պատրաստել երգը և ներկայացնել հանդիսատեսին։ Ձայնագրման ստուդիայում մասնագետը պետք է կարողանա աշխատել այնպես, որ ոչ այնքան լավ ձայնային տվյալներ ունեցող երգչի երգերն էլ հասնեն  այն մակարդակի, որ թերություններ չլինեն, այսինքն՝ այս պարագայում հարկավոր է երգչին աջակցել, ուղղություն ցույց տալ, ոչ թե կտրել նրա թևերը և ասել՝ դու երգել չես կարողանում։ Այդ աջակցության շնորհիվ երգիչը ժամանակի ընթացքում հղկվում է ու տարիների ընթացքում դառնում հանդիսատեսի սիրելի արտիստներից մեկը։ Կան երգիչներ, որոնց հետ ես տարիներ առաջ աշխատել եմ։ Սկզբնական շրջանում եղել են դժվարություններ, բայց նրանք աշխատել են, համագործակցել լավ երաժիշտների, մասնագետների հետ, հղկվել  ու այսօր կայացած,  սիրված արտիստներ են դարձել», – նշեց Տարոն Ավետիսյանը։

Վերջինս շեշտեց՝ երբ երգիչ-երգչուհիները դիմում են իրեն ու խորհուրդ հարցնում երգի գործիքավորման վերաբերյալ, փորձում է օգնել խորհուրդներով ու համագործակցության ուղիներ է ստեղծում այլ տաղանդավոր երաժիշտների հետ, այսինքն՝ երգիչ-երգչուհիները հնարավորություն են ունենում համագործակցել տաղանդավոր երաժիշտների հետ։

«Ես երգիչներին առաջարկում եմ այսպես ասած՝ տարբերակներ, իսկ իրենք ընտրում  են:Բազմաթիվ երաժիշտներ կան, որոնց  հետ համագործակցում ենք։ Հավատացե՛ք, լավ ձայնային տվյալներ ունենալը քիչ է երգչի համար՝ հայտնի ու սիրված դառնալու ճանապարհին։ Նա պետք է համագործակցի այնպիսի երաժիշտների հետ, ովքեր կլինեն տաղանդավոր, պրոֆեսիոնալ և միշտ պատրաստ կլինեն իրենց խորհուրդներով օգնել երգչին», – նշեց Տարոն Ավետիսյանը։

Զրույցի վերջում Տարոն Ավետիսյանը բոլոր երաժիշտներին հորդորեց անարատ պահել հայ երգը և դրանց մեջ երբեք չզետեղել պարսկական, ադրբեջանական,  հնդկական  կամ այլ օտարահունչ ելևէջներ․ հայկական ժողովրդական երգերը պետք է պահել անարատ, քանի որ հայ երգը հայոց մշակույթի հենասյուներից է, իսկ մշակույթը՝ հայի ինքնության կռվաններից մեկը։

 

Զրուցեց Հասմիկ Բալեյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ