24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սառեցված հակամարտությունը կարող է վատ տարբերակով արթնանալ. Le Monde-ն անդրադառնում է ԼՂ հիմնախնդրին

Ֆրանսիական Le Monde թերթն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Թերթի հոդվածը մեջ է բերում InoPressa.ru կայքը` գրելով, որ մասնագետները զգուշանում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է վերածնվել վատագույն տարբերակով: 

“Սառեցված հակամարտությունների խնդիրն այն է, որ դրանք երբեմն արթնանում են ամենավատ տարբերակով, նման մտավախություն են հայտնում Կովկասի փորձագետները՝ ԼՂ առնչությամբ”,- գրում է թերթը` նշելով, որ այդ տարածքին հավակնում են Հայաստանն ու Ադրբեջանը եւ այս հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ջանքերը դեռեւս որևէ արդյունքի չեն հանգեցրել Ավելին` տարածաշրջանի դիտորդները լարվածության աճի նշաններ են նկատում։ 

“Տարածաշրջանային դիտորդները լարվածության աննախադեպ աճի հատկանիշներ են նշում, որոնք մտավախությունների հիմք են տալիս զինված հակամարտության վերակագնման վերաբերյալ: Խոսքը ոչ միայն փոխհրաձգության մասին է: Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին սիրիացի փախստականներին Լեռնային Ղարաբաղում տեղավորելու մեջ՝ նպատակ ունենալով ավելացնել ժողովրդագրական կշիռն ու ներկայությունը: Ըստ Երևանի գնահատականների, վերջին երկու տարում մոտ 10 հազար սիրիահայ է երկիր ժամանել, սակայն նրանք չեն մնացել Լեռնային Ղարաբաղում, պնդում են իշխանությունները: Հակամարտության վերսկսման հետ կապված մտավախությունները բացատրվում են կողմերի սպառազինությունների մրցավազքով, որտեղ իր մեծ ֆինանսական ռեսուրսների պատճառով (որոնք ստանում է հումքից արդյունահանումից) Բաքուն առավելություն է ստանում:

2003 թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 163 մլն դոլար: 2013 թվականին՝ արդեն 3,7 մլրդ դոլար: Գնվել է մոտ մեկ տասնյակ մարտական ուղղաթիռ ու ինքնաթիռ, ՀՕՊ արդիական համակարգեր, ժամանակակից տանկեր, հրետանային համակարգեր, որոնք կարող են քանդել հակառակորդի ցանկացած օբյեկտ: 2012 թ. Բաքուն 60 անօդաչու սարք գնեց Իսրայելից: Ավելի ուշ Ալիեւը հայտարարեց, որ մտադիր է մոտ 3 մլրդ դոլար գումարի սպառազինություն գնել Հարավային Կորեայում, ներառյալ մարտական, ջրասույզ նավեր եւ շարժական հրետանային սարքեր: Սակայն Սեուլը դրան չգնաց, չցանկանալով նպաստել լարվածության աճին: Այդ ֆոնին Հայաստանը ավելացրեց իր ռազմական բյուջեն 25 տոկոսով՝ այն հասավ 450 մլն դոլարի”,- գրում է թերթը` հավելելով. 

“Սեպտեմբերի 26-ին հրապարակված միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ասվում է, որ իրավիճակը տարածաշրջանում թվում է անկանխատեսելի, փխրուն ու պոտենցիալ պայթյունավտանգ: Այն պահից, երբ միջնորդական ջանքերը դադարեցվեցին, Բաքուն գնալով ավելի հաճախ է խոսում հակամարտության ռազմական լուծման մասին: Օդային հարվածները հիշատակվում են որպես ցանկացած հարձակման նախնական փուլ: Խնդիրն այն է, որ բլից գործողության արդյունքում Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել այսպես կոչված բուֆերային գոտին, որ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ: 

Երեւանն ընտրություն կատարեց Եվրամիությունում ասոցացված անդամի ու Մաքսային միությանն անդամակցելու միջեւ: Պատճառն ոչ թե Մոսկվայի ճնշումը կամ արագ տնտեսական շահն է, այլ այդ փոքր երկրի հիմնական մտավախությունը՝ նրա անվտանգությունը: Հազարավոր ռուս զինվորականների ներկայությունը նրա հողին, ռուսական զենքի համեմատաբար էժան առաքումները, ՌԴ հետ սերտ ու բարեկամական հարաբերությունները՝ այս բոլոր տարրերը նրա պաշտպանության երաշխիքներն են այն նպատակների առջև, որոնք հետապնդում է Բաքուն”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ