Զավակներին կորցրած հոր հույսը ՀՀ իշխանություններն են. Ժամանակ
Ռուսաստանի Ստավրոպոլի Երկրամասի Լիսոգորսկայա բնակավայրում հայ ընտանիքի հետ պատահած ողբերգական դեպքը դեռեւս չի բացահայտվել: Երեխաներին կորցրած հայրը քիչ-քիչ հույսը կորցնում է, թե ողբերգությունը կբացահայտվի:
Ստավրոպոլում բնակվող հայ ֆերմերը երեկ “Ժամանակի” հետ զրույցում ասւսց, որ իրենց երեխաների սպանության գործից իրեն ու կնոջը ոչինչ հայտնի չէ:
“Ոստիկանությունը ոչինչ չի հայտնում: Որքան լինում ենք ոստիկանությունում, հարցնում ենք, մանրամասներ ենք ենք խնդրում հայտնել, ասում են, որ աշխատում են, բայց ոչինչ չեն ասում մանրամասներից, անընդհատ նույն բանը: Մենք լրատվամիջոցներից գիտենք, որ ինչ-որ ձերբակալված մարդ կա, բայց թե ով է, ինչու է արել’ մենք չգիտենք, մեզ մանրամասներ չեն ասում: Մենք փաստաբան չունենք, վստահում ենք իրավապահ մարմիններին, բայց մեզ բան չեն ասում”, – ցավով նշեց Խաչատուր Ղազարյանը:
Նա ասաց, որ այսուհետ ակնկալում է ՀՀ իրավապահ մարմինների եւ իշխանությունների աջակցությունը, որպեսզի իրենց եւ իրենց հետ տեղի ունեցած ողբերգությանը հետամուտ լինեն եւ հետաքրքրվեն, որպեսզի ռուսական իրավապահ մարմիններն ավելի զգոն լինեն եւ բացահայտեն գործը:
Թերթը հիշեցնում է , որ անհայտ անձը ներխուժել էր ազգությամբ հայ ֆերմեր Խաչատուր Ղազարյանի տուն եւ գնդակահարել նրա ընտանիքի անդամներին: Արդյունքում նրա երեխաները 16- ամյա Արսեն Ղազարյանը եւ 11-ամյա Լիանա Ղազարյանը, մահացել էին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ նրանց մայրը’ Թամար Ղազարյանը, վիրավորվել էր:
Մանրամասները թերթի այօրվա համարում: